Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Հոգևորապես ամուր էին՝ չնայած դժվար ժամանակներին

Հոգևորապես ամուր էին՝ չնայած դժվար ժամանակներին

 Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի մեծ մասը ավերակների մեջ էր։ Սակայն մի լավ բան տեղի ունեցավ. Եհովայի վկաները և այլոք ազատվեցին նացիստական համակենտրոնացման ճամբարներից։ Բայց նրանց կյանքը այդքան էլ հեշտ չէր։ Ինչպես բոլորը, այնպես էլ Վկաները չունեին բավարար սնունդ, հագուստ, կացարան և այլ անհրաժեշտ բաներ։ Քույր Կարին Հարթունգը ասում է. «Կացարանների խիստ պակասի պատճառով մարդիկ պետք է օթևան տրամադրեին իրենց բարեկամներին կամ էլ տան մի մասը վարձով տային»։ Քույր Գերտրուդ Փետցինգերը, ով յոթուկես տարի եղել էր համակենտրոնացման ճամբարներում, ապրում էր խորդանոցում և քնում էր աթոռի վրա։ a

 Ի՞նչ արեց Եհովայի կազմակերպությունը, որ հոգա պատերազմից ավերված տարածքներում ապրող մեր եղբայրների ու քույրերի մասին։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանում ապրած մեր հավատակիցներից։

Հոգացին հավատակիցների ֆիզիկական կարիքների մասին

 Եհովայի կազմակերպությունը անմիջապես գործի անցավ, որ հումանիտար օգնություն տրամադրի Եվրոպայում ապրող Վկաներին։ Գլխավոր վարչությունից եղբայրներ Նաթան Նորը և Միլթոն Հենշելը այցելեցին Եվրոպա՝ պարզելու, թե ինչի կարիք ունեն հավատակիցները։ 1945 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նրանք գնացին Անգլիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Նորվեգիա։ Եղբայր Նորը պատմել է. «Առաջին անգամ մեր աչքով տեսանք պատերազմի կործանարար հետևանքները»։

Նաթան Նորը Հելսինկիում (Ֆինլանդիա) խոսում է Վկաների առաջ (դեկտեմբերի 21, 1945 թ.)

 Եղբայր Նորը այդ ժամանակ Գերմանիա մուտք գործելու թույլտվություն չստացավ։ Փոխարենը եղբայր Էրիխ Ֆրոստը, ով վերահսկում էր Գերմանիայի մասնաճյուղի գործունեությունը, դուրս եկավ երկրից՝ հանդիպելու նրան։ b Էրիխը պատմում է. «Եղբայր Նորը մեզ գործնական խորհուրդներ տվեց և նյութական օգնություն խոստացավ սննդի և հագուստի տեսքով։ Շուտով Գերմանիա ուղարկվեց սննդի մի մեծ պաշար՝ ալյուր, յուղ, վարսակ և այլ մթերքներ։ Այլ երկրներում ապրող մեր հավատակիցները նաև ուղարկեցին մեծ արկղերով հագուստ, այդ թվում՝ կոստյումներ, ներքնաշորեր և կոշիկներ»։ Անհնար էր առանց արցունքների ընդունել այդ ամենը։ Ընդ որում՝ օգնության ծրագիրը մեկանգամյա չէր։ Այդ նախաձեռնությունը շարունակվեց երկուսուկես տարի։ c

Միացյալ Նահանգներում Վկաները տեսակավորում են նվիրաբերված հագուստը՝ Եվրոպա առաքելու համար

Նրանք կենտրոնացած մնացին հոգևորի վրա

 Կյանքի պայմանների բարելավմանը զուգընթաց մեր հավատակիցները շարունակում էին կենտրոնացած մնալ հոգևորի վրա։ Ի՞նչն էր օգնում նրանց։

Յուրգեն Ռունդելը (առջևի շարքում՝ ձախ կողմում) Ավստրիայի Շպիտալ-ան-դեր-Դրաուի ժողովի եղբայրների հետ (1954 թ.)

 Նրանք հոգևոր լավ գրաֆիկ ունեին (Եփեսացիներ 5։15, 16)։ Պատերազմի պատճառով Վկաները Աստվածաշնչի ուսումնասիրության համար քիչ քանակությամբ նյութեր էին ստանում և չէին կարողանում կանոնավոր մասնակցել հոգևոր գործունեությանը։ Սակայն պատերազմից հետո ժողովի հանդիպումները և քարոզչական գործը աստիճանաբար բնականոն հունի մեջ ընկան։ Ավստրիայում ապրող եղբայր Յուրգեն Ռունդելը պատմում է. ««Տեղեկատու» d թերթիկը և շրջագայող վերակացուները հորդորում էին մեզ, որ ակտիվ հոգևոր գրաֆիկ ունենանք»։ Նա ավելացնում է. «Մենք կենտրոնացած էինք Եհովայի, Հիսուսի, մեր անձնական ուսումնասիրության և ծառայության վրա։ Շեղող բաներ, ինչպիսին հեռուստատեսությունն է, չկային»։

 Քույր Ուլրիկե Կրոլոպն ասում է. «Հիշում եմ, թե որքան երջանիկ էի զգում, երբ խորությամբ ուսումնասիրում էի հոգևոր թեմաներ։ Ամուսինս լավ օրինակ էր ինձ համար։ Երբ «Դիտարանի» նոր թողարկում էինք ստանում, նա ամեն բան մի կողմ էր դնում և սկսում էր ուսումնասիրել այն»։ Կարինը, ում խոսքերը նշված են վերևում, հիշում է. «Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես կարող ես մի ակնթարթում կորցնել քո ունեցվածքը։ Սակայն հոգևոր սնունդ շարունակում էինք ստանալ, թեև քիչ քանակությամբ։ Եհովան օրհնում էր իր նվիրված ծառաներին»։

Ուլրիկե Կրոլոպ

 Նրանք վերսկսեցին ծառայությունը (Մատթեոս 28։19, 20)։ Պատերազմի տարիներին Եհովայի ժողովուրդը չէր կարողանում ազատորեն քարոզել և ուսուցանել։ Ֆրիդհելմ անունով մի եղբայր պատմում է, որ պատերազմից հետո «բոլորը անմիջապես սկսեցին քարոզել»։ Ուլրիկեն էլ հիշում է. «Ամուսնուս ընտանիքին Թագավորության լուրը պատմած առաջին Վկան դեռ համակենտրոնացման ճամբարի համազգեստ էր կրում։ Ակնհայտ էր, որ նա վայրկյան անգամ չէր կորցրել»։ Իսկ Յուրգենն ասում է. «Պատերազմից հետո բոլորի եռանդը բոցավառվում էր։ Շատ երիտասարդ եղբայրներ ու քույրեր լիաժամ ծառայություն սկսեցին»։

 Ուլրիկեն շարունակում է. «Ռմբակոծված քաղաքներում կենսապայմանները սարսափելի էին»։ Շատերն ապրում էին ավերակների մեջ։ Ինչպե՞ս էին Վկաները գտնում նրանց։ Ուլրիկեն, ում ընտանիքը ճշմարտությունը լսեց պատերազմից հետո, հիշում է. «Հենց լույս կամ ծխատարից դուրս եկող ծուխ էինք նկատում, մոտենում էինք քարոզելու»։

 Նրանք քաջալերում էին միմյանց (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Պատերազմի ընթացքում բազմաթիվ Եհովայի վկաներ դաժան վերաբերմունքի էին արժանացել։ Սակայն պատերազմից հետո նրանք ոչ թե կենտրոնանում էին իրենց կրած տառապանքների, այլ իրար քաջալերելու վրա։ Անշուշտ, նրանց «փորձված հավատը» մեծ ուրախության աղբյուր էր (Հակոբոս 1։2, 3)։ Յոհաննեսը, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, այսպիսի միտք է նշում. «Մեր շրջանային վերակացուն, ով եղել էր համակենտրոնացման ճամբարներում, բազում ազդեցիկ դեպքեր էր պատմում այն մասին, թե ինչպես էին զգացել Եհովայի օգնությունը։ Այդ պատմությունները մեծապես զորացնում էին մեր հավատը»։

 Պատերազմից հետո մեր եղբայրներն ու քույրերը շարունակեցին ամուր հարաբերություններ պահպանել Եհովայի հետ։ Յոհաննեսի խոսքերով՝ դրան նպաստում էր այն, որ հիշում էին, թե «Եհովան ճամբարներում ինչպես էր օգնել իրենց և պատասխանել աղոթքներին»։ Ինչպես արդեն նշվեց, ազատ արձակված Վկաները նաև պահպանում էին իրենց հոգևոր լավ սովորությունները՝ կանոնավոր Աստվածաշունչ էին կարդում, մասնակցում էին ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանը։ Էլիզաբեթը, ով 1946 թ.-ին մասնակցել է Նյուրնբերգի համաժողովին, հիշում է, որ չնայած ազատ արձակված հավատակիցները «դեռ նիհար ու տկար էին երևում, բայց իրենց հետ պատահածը պատմելիս բոցավառվում էին ոգով» (Հռոմեացիներ 12։11

Կարին Հարթունգ

 Նրանք մտերիմ էին հավատակիցների հետ (Հռոմեացիներ 1։11, 12)։ Պատերազմի ընթացքում վայրագ հալածանքի պատճառով Վկաները չէին կարողանում ազատորեն շփվել իրար հետ։ Կարինը հիշում է. «Նրանք հատուկ դեպքերում էին այցելում հավատակիցներին, որ իրար չմատնեին»։ Սակայն պատերազմից հետո ամեն բան փոխվեց։ «Հավատակիցները ամեն ինչ միասին էին անում,— ասում է Ֆրիդհելմը։— Ժողովներն ու ծառայությունը միշտ առաջին տեղում էին նրանց համար»։

 Անդրադառնալով հետպատերազմյան շրջանին՝ Գերմանիայից Դիտրիխ անունով մի երեց պատմում է. «Վկաներից շատ քչերը ավտոմեքենաներ ունեին։ Ուստի ժողովի հանդիպումներին ոտքով էինք գնում, բայց դա անում էինք խմբերով։ Կանոնավոր իրար հետ լինելը ամրացնում էր մեր կապը։ Ասես մի ընտանիք լինեինք»։

Դասեր՝ մեզ համար

 Լինելով Եհովայի ծառաներ՝ այսօր շատերս բազմաթիվ դժվարությունների ենք բախվում բնական աղետների, հիվանդությունների, պատերազմների, հալածանքի կամ ապրուստի թանկացման հետևանքով (2 Տիմոթեոս 3։1)։ Սակայն մենք չպետք է չափից շատ անհանգստանանք։ Ինչո՞ւ։ Քանի որ նացիստական Գերմանիայում բնակված հավատարիմ եղբայրների ու քույրերի օրինակը հավաստիացնում է, որ Եհովան կշարունակի աջակցել մեզ այս դժվարին օրերում։ Ուստի եկեք Պողոս առաքյալի տրամադրվածությունն ունենանք, ով գրեց. «Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբրայեցիներ 13։6

a Ընթերցեք քույր Փետցինգերի կենսագրությունը՝ «Հետպատերազմյան Գերմանիայում Թագավորությունն առաջին տեղում էինք դնում» (անգլ.)։

b Ընթերցեք եղբայր Ֆրոստի կենսագրությունը՝ «Ազատագրում տոտալիտար ինկվիզիցիայից՝ շնորհիվ Աստծու հանդեպ հավատի» (անգլ.)։

c Երկրորդ աշխարհամարտից հետո տրամադրված օգնության մասին հավելյալ մանրամասներ կարող եք գտնել «Նրանք իրենց լավագույնը տվեցին» հոդվածում, ինչպես նաև «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 211, 218 և 219 էջերի շրջանակներում։

d Այսօր ժողովներում օգտագործվում է «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկը։