ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
Միաբան՝ պառակտված երկրում
1948 թ.-ից 1990-ականների սկիզբը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդյան քաղաքականություն էր տիրում։ a Այդ ժամանակ շատերը այլ ռասաների մարդկանց հետ անարդարացիորեն էին վարվում։ Քելին, ով ապարտեիդի տարիներին դասակարգվել էր որպես «գունավոր» (խառնազգի), հիշում է. «Ոչ սպիտակամորթները նույնպես նախապաշարումներ ունեին իրար հանդեպ»։
Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները բազմազան էթնիկական խմբերից են։ Ինչպե՞ս էին նրանք վարվում ապարտեիդի ժամանակ։ Եվ ի՞նչ դասեր կարող ենք սովորել նրանց պատմության այս էջից։
Անկոտրում՝ սեգրեգացիայի բերած վտանգների ներքո
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոմանք, դեմ լինելով սեգրեգացիային, ցույցեր էին կազմակերպում։ Կառավարության վարած քաղաքականության դեմ ապստամբողներից շատերը բանտարկվում էին, իսկ ոմանք՝ սպանվում։ Այդ պատճառով ապստամբներն ավելի դաժան էին դառնում։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի վկաները հնազանդվում էին օրենքին և չէին մասնակցում ցույցերին կամ հեղաշրջման փորձերին։ Այդպիսով նրանք ընդօրինակում էին առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր «հպատակվում էին վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1, 2)։
Շատ հաճախ Եհովայի վկաների վրա ճնշում էին բանեցնում, որ խախտեն իրենց չեզոքությունը և ինչ-որ մեկի կողմը դիրք բռնեն։ Բայց այդպես վարվելով՝ նրանք գուցե աջակցեին կատաղի քաղաքական բախումներին և անգամ սկսեին պատերազմել իրենց հավատակիցների դեմ։ Թեմբսին հիշում է. «1976 թ. խռովությունների ժամանակ ավագ դպրոցի շատ աշակերտների ստիպում էին միանալ քաղաքական ապստամբություններին։ Խռովարար աշակերտները գնում էին տնից տուն և փնտրում այլ աշակերտների, ովքեր կմիանային իրենց։ Եթե հրաժարվեիր, նրանք կարող էին այրել տունդ կամ անգամ ծեծելով սպանել քեզ»։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը Թեոֆիլոս անունով մի Վկայի ասաց. «Հենց հաղթենք սպիտակներին, ձեզ սպանելո՛ւ ենք, որովհետև մեր երկրի համար չկռվեցիք»։
Հանդիպումներ՝ պառակտված երկրում
Չնայած ապարտեիդի բերած դժվարություններին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության Վկաները շարունակում էին հավաքվել երկրպագության համար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Շատ ժողովներ չէին կարողանում Թագավորության սրահ կառուցել, քանի որ ապարտեիդի պատճառով սուղ միջոցներ ունեին։ b Էնվերն ասում է. «Տարիներ շարունակ ստիպված էինք վարձակալել վատ վիճակում գտնվող շինություններ։ Ուստի հայրս առաջարկեց, որ մեր տունը օգտագործվի ժողովի հանդիպումների համար։ Շաբաթը երկու անգամ ընտանիքով մեր տունը վերածում էինք Թագավորության սրահի։ Երբեմն այն լցվում էր հարյուրից ավելի մարդկանցով։ Հաճախ հանդիպումից հետո հյուրասիրություն էինք կազմակերպում բոլորի համար»։
Եղբայրները հնարամտություն էին ցուցաբերում, որ շրջանցեն ապարտեիդի ստեղծած խոչընդոտները։ Օրինակ՝ Լիմպոպո նահանգից մի սպիտակամորթ եղբոր, ում խնդրել էին սևամորթների տարածքում շրջանային համաժողովին ելույթ ներկայացնել, թույլ չտվեցին ներս մտնել։ Նա էլ մոտեցավ սևամորթների տարածքին կից ֆերմայի սպիտակամորթ տիրոջը և պայմանավորվեց նրա մոտի՛ց ելույթ ներկայացնել։ Այդպես անցկացվեց շրջանային համաժողովը. ֆերմայի ցանկապատից դուրս ունկնդիրներն էին, իսկ ներսում՝ հրավիրված հռետորը։
Քարոզչություն՝ առանձնացված տարածքներում
Ապարտեիդի շրջանում մարդկանց, ըստ իրենց ռասաների, առանձնացնում էին տարբեր բնակավայրերում։ Ուստի, որպես կանոն, ժողովները կազմված էին լինում նույն ռասայի ներկայացուցիչներից։ Ապարտեիդը ստիպեց Վկաներին ճկունություն դրսևորել քարոզչական գործը կազմակերպելու հարցում։ Օրինակ՝ չնշանակված տարածքներում ծառայելը որոշակի խոչընդոտներ էր ստեղծում։ Կրիշը, ում ապարտեիդի ժամանակ դասակարգում էին որպես «հնդիկ», հիշում է. «Հաճախ ոչ սպիտակամորթներին ոչ մի տեղ թույլ չէին տալիս գիշերել։ Դրա համար քնում էինք մեր մեքենաներում կամ ծառերի տակ։ Առավոտյան լվացվում էինք լցակայանի զուգարանում։ Երբեմն նույնիսկ այդ զուգարանների վրա ցուցանակ կար՝ «Միայն սպիտակամորթների համար» գրությամբ։ Չնայած դրան՝ քարոզիչները եռանդորեն մասնակցում էին ծառայությանը և հաճույքով քարոզում գյուղական վայրերում բնակվող շատ հետաքրքրվող անհատների»։
Չնայած այս դժվարություններին՝ Եհովայի ժողովուրդը շարունակում էր շատանալ։ Երբ 1948 թ.-ին ապարտեիդը օրինականացվեց, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կար 4 831 քարոզիչ։ Իսկ 1994 թ.-ին, երբ ապարտեիդն արդեն վերջացել էր, քարոզիչների թիվը հասել էր 58 729-ի։ Ու նրանց աճը այդքանով չսահմանափակվեց։ 2021 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում բարձրագույն թիվ գրանցեցինք՝ 100 112 քարոզիչ։
Շրջապատված՝ ատելությամբ, միաբանված՝ սիրով
Ապարտեիդի շրջանում Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները ապրում էին մի երկրում, որը հայտնի էր բռնի ռասայական սեգրեգացիայով։ Այս միջավայրում նրանք ջանք չէին խնայում, որ սեր ու միասնություն տարածեն բոլոր ռասաների մարդկանց մեջ։ Նրանք դա անում էին՝ սովորեցնելով աստվածաշնչյան սկզբունքների մասին և հետևելով դրանց (Գործեր 10։34, 35)։ Թեպետ շրջապատված էին ատելությամբ, բայց միաբանված էին սիրով (Հովհաննես 13։34, 35)։
1993 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները բազմազգ համաժողով կազմակերպեցին։ Մի հեղինակավոր քաղաքական գործիչ հետևում էր, թե Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները ինչպես են օդանավակայանում ջերմորեն դիմավորում օտարազգի պատվիրակներին և գրկախառնվում նրանց հետ։ Նա ասաց. «Եթե մենք ձեզ նման միասնական ոգի ունենայինք, մեր խնդիրները վաղո՜ւց լուծված կլինեին»։
a Ապարտեիդը ռասայական առանձնացում պարտադրող համակարգ էր։ Այն թելադրում էր, թե անհատը, ըստ իր ռասայի, ինչ կրթություն ստանա, ինչ աշխատանք կատարի, որտեղ ապրի և ում հետ ամուսնանա։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է ապարտեիդը» շրջանակը «Եհովայի վկաների 2007 թ. տարեգրքում» (անգլ., ռուս.)։
b 1999 թ.-ից ի վեր, երբ որևէ վայրում Թագավորության սրահ կառուցելու կամ վերանորոգելու կարիք է առաջանում, օգտագործվում են ամբողջ աշխարհի Եհովայի վկաների ժողովներում կատարված նվիրատվությունները։