Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Օգնում ենք մարդկանց դառնալու գրաճանաչ

Օգնում ենք մարդկանց դառնալու գրաճանաչ

 «Մեծացել եմ ֆերմայում,— ասում է Ագոստինիոն, որը ապրում է Բրազիլիայում։— Մենք շատ աղքատ էինք, ու այդ պատճառով թողեցի դպրոցս, որ օգնեմ հոգալու ընտանիքիս կարիքները»։ Ագոստինիոն 33 տարեկան էր, երբ գրաճանաչ դարձավ։ Նա ասում է. «Գրել-կարդալ սովորելուց հետո ինքնագնահատականս բարձրացավ»։

 Ագոստինիոն այն 250 000 մարդկանցից մեկն է, ովքեր վերջին 70 տարիների ընթացքում Եհովայի վկաների օգնությամբ գրել և կարդալ են սովորել։ Ինչո՞ւ են Եհովայի վկաներն այդպիսի դասընթացներ անցկացնում։ Ինչպե՞ս են այդ դասընթացներն օգնել մարդկանց։

Գրաճանաչությունն օգնում է հասկանալու Աստվածաշունչը

 Մինչև 1930-ականների կեսերը Եհովայի վկաները քարոզում էին 115 երկրներում։ Միսիոներները օտար լեզվով խոսող մարդկանց համար միացնում էին աստվածաշնչյան ելույթների ձայնագրությունները և երբեմն նույնիսկ իրենց լեզվով գրականություն էին առաջարկում։ Թեև շատ մարդիկ մեծ հետաքրքրություն էին ցույց տալիս Աստվածաշնչի հանդեպ, գրաճանաչ չլինելու պատճառով նրանց ուսուցումը դանդաղում էր։

 Մարդիկ դժվարանում էին հասկանալ, թե ինչպես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, քանի որ չէին կարողանում կարդալ Աստվածաշունչը (Հեսու 1:8; Սաղմոս 1:2, 3)։ Նրանց համար դժվար էր նաև կատարել իրենց քրիստոնեական պարտականությունները։ Օրինակ, եթե ծնողները կարդալ չգիտեին, պետք է շատ ջանք թափեին, որպեսզի կրթեին իրենց երեխաներին (2 Օրենք 6։6, 7)։ Իսկ ոչ գրաճանաչ նոր մկրտված Վկաներին դժվար կլիներ Աստվածաշնչից օգտվել ուրիշներին կրթելու համար։

Կազմակերպում ենք գրաճանաչության դասընթացներ

 1940-ականների ու 1950-ականների ընթացքում Նաթան Նորը և Միլթոն Հենշելը, ովքեր Եհովայի վկաների գործունեությունը կազմակերպող եղբայրների թվում էին, ճամփորդում էին տարբեր երկրներ, որպեսզի օգնեին կազմակերպելու քարոզչական գործը։ Այն երկրներում, որտեղ շատ մարդիկ գրաճանաչ չէին, նրանք հորդորեցին մասնաճյուղերին ժողովներում գրաճանաչության դասընթացներ կազմակերպել։

Զամբիայի Չինգոլա քաղաքում 1954 թ.-ին՝ համաժողովի ժամանակ, լույս է ընծայվում չինյանա լեզվով ուսուցողական ձեռնարկ։

 Մասնաճյուղերը առաջնորդություն ուղարկեցին ժողովներին, թե ինչպես պետք է անցկացվեն այդ դասերը։ Որոշ երկրներ կրթական ծրագրեր ունեին, որոնցից կարելի էր օգտվել։ Բրազիլիայում, օրինակ, պետական մարմինները դասագրքեր և այլ պարագաներ տրամադրեցին, որոնք մասնաճյուղը ուղարկեց ժողովներին։ Որոշ երկրներում էլ Վկաները մշակեցին իրենց կրթական ծրագիրը։

 Գրաճանաչության դասընթացներին կարող էին մասնակցել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները։ Նպատակը նրանց իրենց մայրենի լեզվով կարդալ սովորեցնելն էր։ Երբեմն նույնիսկ կարիք էր լինում նույն ժողովում մի քանի լեզվով դասընթացներ կազմակերպել։

Ծրագիր, որն օգնում է մարդկանց

 Ինչպե՞ս են գրաճանաչության այս դասընթացներն օգնել մարդկանց։ Մեքսիկայից մի Վկա պատմում է. «Հիմա ավելի լավ եմ հասկանում Աստվածաշունչը, ու այն, ինչ սովորում եմ, սրտիս է հասնում։ Կարդալ սովորելուց հետո ավելի անկաշկանդ եմ խոսում հարևաններիս հետ ու ավելի շատ մարդկանց եմ կարողացել քարոզել»։

 Գրաճանաչության դասընթացները ոչ միայն օգնել են մարդկանց հասկանալու Աստվածաշունչը, այլ նաև ուրիշ օգուտներ են բերել։ Իսահակը, ով Բուրունդիից է, նշում է. «Գրել-կարդալ սովորելն օգնեց, որ շինարարական հմտություններ ձեռք բերեմ։ Շինարարությունն իմ մասնագիտությունն է, ու հիմա ես շինարարական մեծ նախագծեր եմ իրականացնում»։

Թագավորության սրահում չիչևա լեզվի դասընթաց է անցկացվում (Մալավի, 2014)

 Խեսուսան, որը Պերուից է, 49 տարեկան էր, երբ սկսեց հաճախել գրաճանաչության դասընթացին։ «Ես տնային տնտեսուհի եմ և երբ գնումներ եմ կատարում, պետք է կարողանամ կարդալ մթերքների գները և անվանումները։ Նախկինում դժվարանում էի դա անել։ Գրաճանաչության դասընթացի շնորհիվ ընտանիքիս համար գնումներ անելիս հիմա ինձ ավելի վստահ եմ զգում»։

 Տարբեր երկրների պետական պաշտոնյաներ բազմիցս գովել են Եհովայի վկաներին գրաճանաչության դասընթացներ կազմակերպելու համար։ Եհովայի վկաներն այսօր էլ են այդպիսի դասընթացներ անցկացնում։ Նրանց ծրագրերն ու մեթոդները տարիների ընթացքում նորացվել են։ Նրանք նաև ավելի քան 224 միլիոն գրքույկներ են հրատարակել 720 լեզուներով, որպեսզի մարդկանց գրել-կարդալ սովորեցնեն կամ օգնեն նրանց, ովքեր լիարժեք կրթություն չեն ստացել։ a

a «Վարժվիր գրել-կարդալու մեջ» գրքույկը հասանելի է 123 լեզվով, իսկ «Լսիր Աստծուն» գրքույկը՝ 610 լեզվով։