Ֆերմա, որը կերակրում է միլիոնավորների
Քառասուն տարի առաջ՝ 1973թ. փետրվարի 2-ին, նոր տպագրական հաստոցներ բերվեցին Ուոլքիլ (Նյու Յորք, ԱՄՆ) «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր հրատարակելու համար։
Դրանից տասը տարի առաջ Եհովայի վկաները այնտեղ գնել էին տարածք, որը ծառայելու էր որպես ֆերմա և սննդամթերքով էր ապահովելու Բրուքլինում գտնվող գլխավոր վարչության անձնակազմին։ Սակայն 1973-ից սկսած՝ այն պետք է օգտագործվեր նաև որպես հոգևոր սնունդ «արտադրող ֆերմա» (Մատթեոս 24:45–47)։
Ֆիլիպ Վիլկոքսը, ով այդ ժամանակ տպարանի վերակացուն էր, հիշում է տպագրության առաջին օրը. «Մոտ մեկ ամիս պահանջվեց արագագործ տպագրական մեքենաները տեղադրելու համար։ Երբ ամեն բան պատրաստ էր, մենք սկսեցինք փորձարկել դրանք։ Կարճ ժամանակում արդեն մի քանի հազար ամսագիր էր պատրաստ։ Չնայած ամսագրերը փորձնական էին տպված, սակայն որոշեցինք, որ դրանք չպետք է անտեղի կորչեն։ Տպվածն ուղարկեցինք Բրուքլինի տպարան, որտեղից էլ պիտի ուղարկվեին ժողովներ»։
Եհովայի վկաները կառուցեցին այս նոր տպարանը, որպեսզի այն օժանդակի Բրուքլինի տպարանի աշխատանքին։ 1970-ականների սկզբներից Բրուքլինում գտնվող տպարանը արդեն չէր հասցնում բավարարել աստվածաշնչյան գրականության գնալով աճող պահանջարկը ու ստիպված աշխատում էր նաև գիշերները։
Ուոլքիլում տպարանի համար կառուցված շինությունում աշխատում էր չորս տպագրահաստոց։ Այստեղ կային նաև մեկ Թագավորության սրահ և առաքում կազմակերպելու համար նախատեսված բաժին։ Դեռ այս տպարանը ամբողջ հզորությամբ չէր գործում, երբ դրան հարակից սկսեցին կառուցել ավելի մեծ շինություն։ Աստվածաշնչյան գրականության պահանջարկը այնքան մեծ էր, որ շինարարությունը դեռ լիովին չավարտված՝ այնտեղ տեղադրվեց վեց հավելյալ տպագրահաստոց։
Հետագա տարիների ընթացքում տպագրական տեխնոլոգիաները զարգացան։ Դրան զուգընթաց, աճեց նաև աստվածաշնչյան գրականության պահանջարկը։ Այս փոփոխություններին համաքայլ ընթանալու համար մենք ստիպված եղանք մի քանի անգամ վերազինել ու ընդլայնել Ուոլքիլի մեր տպարանը։ 1980-ականներին իրենց դարն ապրած տպագրության մամլիչներին փոխարինելու եկան արագագործ օֆսեթ տպագրահաստոցները։
2004-ին Բրուքլինի տպարանը փակվեց և առաջին անգամ գրքերը սկսեցին տպվել Ուոլքիլի տպարանում։ 2010-ին ամսագրերի տպագրությունը նորից տեղափոխվեց դեպի հյուսիս, այս անգամ Կանադայի Եհովայի վկաների մասնաճյուղ։ Այստեղ գործող տպագրահաստոցը ժամում 200000 ամսագիր է տպում։
Այսօր Ուոլքիլի գերժամանակակից տպարանը հնարավորինս ավտոմատացված է։ Այստեղ ծառայում են մոտ 280 կամավորներ՝ տղամարդիկ և կանայք։ Միայն անցած տարի տպարանը արտադրեց Աստվածաշնչի և այլ գրքերի ավելի քան 17 միլիոն օրինակ։ Բացի Ուոլքիլի, Կանադայի և Մեքսիկայի այս տպարաններից (Հյուսիսային Ամերիկա), Եհովայի վկաները ունեն 12 այլ տպարաններ Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։ Այս բոլոր տպարանների օգնությամբ նրանք բավարարում են միլիոնավոր մարդկանց հոգևոր կարիքները (Մատթեոս 5:3)։