Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչի անվճար ձայնագրություն, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցում

Աստվածաշնչի անվճար ձայնագրություն, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցում

«Հետաքրքիր, ազդեցիկ, պատկերավոր»։

«Այն կենդանի է դարձնում Աստվածաշնչի ընթերցանությունը»։

«Այն գրավիչ է։ Այժմ Աստվածաշնչի պատմությունները, որ լսել եմ իմ ամբողջ կյանքում, կենդանի են ինձ համար»։

Այսպիսի խոսքեր են ասել այն մարդիկ, ովքեր անգլերեն լեզվով լսել են Աստվածաշնչի Մատթեոսի Ավետարանի ձայնագրությունը, որն առկա է jw.org կայքում։

Եհովայի վկաները Աստվածաշնչի առաջին ձայնագրությունն արել են 1978-ին։ Ժամանակի ընթացքում Աստվածաշնչի ձայնագրությունը ամբողջությամբ կամ մասամբ թողարկվեց 20 լեզուներով։

2013թ.-ին Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակի լույս ընծայումից հետո կարիք առաջացավ թարմացնել ձայնագրությունը։ Սակայն ի տարբերություն նախորդի, որի ժամանակ ընթերցում էին երեք հոգի, նոր ձայնագրության ժամանակ Աստվածաշնչի ավելի քան 1000 կերպարներից յուրաքանչյուրի համար տարբեր ձայներ են օգտագործվում։

Տարբեր ձայները խթանում են երևակայությունը և օգնում լսողին ավելի վառ պատկերացնելու Աստվածաշնչում արձանագրված դեպքերը։ Թեև ընթերցանությունը թատերականացված չէ, որի ժամանակ հնչում են ձայնային էֆեկտներ և երաժշտություն, այդուհանդերձ այն կենդանության շունչ է փոխանցում տեքստին։

Այս նախագծում ընդգրկված են շատ ընթերցողներ, ուստի լավ պլանավորում է անհրաժեշտ։ Նախ պետք է որոշել, թե ով է կարդալու այս կամ այն կերպարի խոսքերը, ինչ նշանակություն ունի տվյալ հատվածը և ինչ հույզեր պետք է արտահայտվեն։ Օրինակ՝ եթե տեքստում մեջբերվում են առաքյալներից մեկի խոսքերը, սակայն հստակ նշված չէ, թե ով է խոսում, ո՞ւմ ձայնը պետք է օգտագործել։ Եթե տվյալ հատվածում կասկած արտահայտող մտքեր կան, ապա դա գուցե Թովմասն է, իսկ եթե կան բուռն զգացմունքներ, գուցե դա Պետրոսն է։

Հաշվի է առնվում նաև տվյալ համատեքստում մեջբերված անհատի տարիքը։ Օրինակ՝ երիտասարդ Հովհաննես առաքյալի համար անհրաժեշտ է երիտասարդի ձայն, իսկ տարիքն առած Հովհաննես առաքյալի համար՝ տարեց մարդու ձայն։

Բացի այդ, անհրաժեշտ են լավ ընթերցողներ։ Ընթերցողների մեծ մասը ընտրվում է Միացյալ Նահանգներում Եհովայի վկաների մասնաճյուղում ծառայող անհատների միջից։ Անցկացվում են լսումներ, որի ժամանակ խնդրում են տարբեր մարդկանց ընթերցել «Արթնացե՛ք» ամսագրից որևէ պարբերություն։ Նրանք նաև Աստվածաշնչից ընթերցում են երկխոսություններ, որոնք արտահայտում են զգացմունքներ, օրինակ՝ բարկություն, տխրություն, ուրախություն, հուսահատություն։ Այս լսումների շնորհիվ հնարավոր է դառնում գնահատել ընթերցողի ընդունակությունները և որոշել, թե ինչպիսի ընթերցանության ժամանակ հարմար կլինի օգտագործել նրա ձայնը։

Ընթերցողները գալիս են Բրուքլինի կամ Պատերսոնի ձայնագրման ստուդիաներից մեկը և ձայնագրվում։ Դասուսույցը պետք է համոզված լինի, որ ընթերցողը կարդում է համապատասխան տոնով և ձայնով։ Ինչպես դասուսույցը, այնպես էլ ընթերցողը օգտվում են ձայնագրության համար պատրաստված ուղեցույցից, որտեղ նշված է, օրինակ, թե երբ պետք է դադար տալ կամ շեշտադրությամբ կարդալ։ Դասուսույցը նաև օգտվում է «Նոր աշխարհ թարգմանության» նախկին ձայնագրությունից։

Որոշ խմբագրական աշխատանքներ արվում են ձայնագրության ընթացքում։ Ցանկալի արդյունքի հասնելու համար խմբագիրները երբեմն ձայնագրված մի քանի տարբերակներից ընտրում են բառեր կամ նախադասություններ և կցում իրար։

Հայտնի չէ, թե որքան կտևի վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական ձայնագրությունը։ Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի ձայնագրություն ավարտելուց հետո այն կդրվի jw.org կայք՝ «Աստվածաշնչի գրքեր» էջում։