Վկայություն՝ բնիկ ամերիկացիների փառատոնին
Շատերը կարծում են, թե Միացյալ Նահանգներում բնիկ ամերիկացիները ապրում են գլխավորապես ռեզերվացիաներում, որոնք գտնվում են գյուղական տարածքներում։ Սակայն բնիկ ամերիկացիների սերունդների ավելի քան 70 տոկոսը ապրում է քաղաքներում։ 2015 թ. հունիսի 5–7-ը Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքում՝ Նյու Յորքում, տեղի ունեցավ «Պատուհան դեպի հնդկացիական մշակույթի աշխարհ» միջոցառումը, որի շրջանակներում անցկացվեց բնիկ ամերիկացիների փառատոնը և փաու-վաուն։ a Երբ Նյու Յորքում բնակվող որոշ Եհովայի վկաներ իմացան այդ միջոցառման մասին, նրանք անմիջապես որոշեցին այցելել այն։ Ի՞նչ նպատակով։
Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են թարգմանում հարյուրավոր լեզուներով, այդ թվում բնիկ ամերիկացիների բազմաթիվ լեզուներով, ինչպիսիք են՝ բլեկֆուտ, դակոտա, հոպի, մոհավկ, նավահո, օտտավա ու հարթավայրային կրի։ Այդ փառատոնին Վկաները տեղադրեցին գեղեցիկ սեղաններ ու շարժական ցուցատախտակներ՝ իրենց գրականությունը ներկայացնելու համար։ Ներկայացված գրականության մեջ կար նաև «Դու կարո՛ղ ես վստահել Արարչին» թերթիկը։
Մեր պաշտոնական վեբ կայքում կան նաև աուդիո և վիդեո ձայնագրություններ, որոնք թարգմանված են վերը նշված լեզուներից շատերով։ Փառատոնին Վկաները այդ ձայնագրություններից շատերը նվագարկեցին հետաքրքրություն ցույց տված այցելուների համար, որոնք նշեցին, որ ուրիշ ցուցատախտակներ, գրություններ ու ներկայացումներ միայն անգլերեն կամ իսպաներեն լեզուներով էին։
Բազմաթիվ այցելուներ տպավորված էին ոչ միայն նրանով, որ մեր հրատարակությունները թարգմանում ենք բնիկ ամերիկացիների այդքան շատ լեզուներով, այլև նրանով, որ մենք աստվածաշնչյան կրթական աշխատանք ենք ծավալում քաղաքներում և ռեզերվացիաներում։ Տեղեկանալով մեր գործունեության մասին՝ մի տղամարդ, որը փառատոնի կազմակերպիչներից էր, խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Նա ասաց. «Ես անհամբերությամբ կսպասեմ ձեզ, որ ավելի շատ բան սովորեմ Աստվածաշնչի մասին»։
Ցուցատախտակներից մեկին մոտեցավ բնիկ ամերիկացի մի ամուսնական զույգ, որը խուլ էր։ Վկաները չկարողացան հաղորդակցվել այդ զույգի հետ։ Սակայն հենց այդ պահին մի Վկա մոտեցավ, ով սովորել էր ժեստերի լեզուն։ Նա մոտ 30 րոպե զրուցեց այդ ամուսինների հետ և օգնեց իմանալու, թե նրանց տարածքում որտեղ է անցկացվելու Եհովայի վկաների ժեստերի լեզվով համաժողովը։
Ավելի քան 50 Եհովայի վկաներ փառատոնին վկայություն տվեցին աստվածաշնչյան ճշմարտության մասին, և 3 օրվա ընթացքում այցելուներին բաժանեցին ավելի քան 150 հրատարակություն։
a Համաձայն մարդաբան Ուիլյամ Փաուերզի՝ այսօր փաու-վաուն «զուտ աշխարհիկ միջոցառում է, որի ժամանակ տղամարդիկ, կանայք ու երեխաները հավաքվում են, որ մասնակցեն խմբակային երգեցողության ու պարերի» (Ethnomusicology, սեպտեմբեր 1968, էջ 354)։