Համաշխարհային քարոզարշավի շնորհիվ JW.ORG կայքը հայտնի է դառնում ողջ աշխարհում
2014թ. օգոստոսին Եհովայի վկաները մի թերթիկ տարածեցին ողջ աշխարհում, որը մարդկանց ուշադրությունը հրավիրում էր jw.org կայքի վրա։ Այդ ամիս ավելի քան 20 տոկոսով մեծացավ այցելությունների քանակը՝ հասնելով մոտ 65 միլիոնի։ Տարբեր երկրներից մոտ 10 000 հոգի կայքի միջոցով Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրության հայտ լրացրեց, ինչը նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած՝ 67 տոկոսով բարձր է։ Այս համաշխարհային քարոզարշավի շնորհիվ տարբեր երկրներում ապրող մարդիկ մեծ օգուտներ ստացան։
Օգնում ենք նրանց, ովքեր փնտրում են կարևոր հարցերի պատասխանները
Կանադայում մի Վկա վերելակի մեջ հանդիպեց Մադլեն անունով մի կնոջ և ցույց տվեց «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները» թերթիկը։ Մադլենը պատմեց, որ նախորդ գիշեր իր տան պատշգամբում թախանձագին աղոթել էր Աստծուն, որ օգնի իրեն գտնելու հենց այս հարցերի պատասխանները։ Մինչ այդ նա զանգահարել էր տարբեր եկեղեցիներ ու խնդրել, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն, սակայն ոչ ոք չէր արձագանքել։ Շուտով Մադլենը սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Օգնում ենք նրանց, ովքեր ծանոթ չեն Աստվածաշնչին
Ռոինան, որն ապրում է Ֆիլիպիններում, ռեստորանի մոտ կանգնած մի չինացի տղամարդու հետ սկսեց զրուցել։ Հետո նրան տվեց կայքի մասին թերթիկը և բացատրեց, որ Եհովայի վկաները անվճար օգնում են մարդկանց գիտելիքներ ստանալու Աստվածաշնչի մասին։
Այդ տղամարդն ասաց, որ երբեք Աստվածաշունչ չի տեսել։ Ռոինան նրան համաժողովի հրավիրեց։ Համաժողովին ներկա լինելուց հետո նա ասաց, որ ուզում է ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչի մասին և մտադիր է մեր կայքից Աստվածաշունչ բեռնել։
Օգնում ենք խուլերին
Իսպանիայում ապրող Եհովայի վկա Գիերմոն, որը խուլ է, հանդիպեց Խորխեին՝ իր նախկին դասընկերոջը, որը նույնպես խուլ է։ Խորխեն ասաց, որ վերջերս մահացել է իր մայրը, և իրեն տարբեր կասկածներ ու հարցեր են անհանգստացնում։ Գիերմոն տվեց կայքի մասին թերթիկը ու բացատրեց, թե ինչպես կարող է jw.org կայքում ժեստերի լեզվով տեղեկություն գտնել ու ստանալ իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները։ Գիերմոն Խորխեին հրավիրեց նաև ժողովի հանդիպման։ Նա եկավ Թագավորության սրահ և այդ ժամանակվանից դեռ ոչ մի ժողովի հանդիպում բաց չի թողել, չնայած սրահից 60 կիլոմետր հեռու է ապրում։
Օգնում ենք հեռավոր վայրերում ապրող մարդկանց
Գրենլանդիայում ապրող երկու Վկա ամուսնական զույգեր բավականին գումար ծախսեցին, որ հասնեն մի հեռավոր բնակավայր, որտեղ ապրում է 280 հոգի։ Այնտեղ հասնելու համար նրանք վեց ժամ նավակով ճանապարհորդեցին։ Նրանք քարոզեցին գրենլանդերեն, տեղի բնակիչներին թերթիկներ տվեցին և jw.org կայքից մի տեսանյութ ցույց տվեցին։ Բացի այդ, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին մի ամուսնական զույգի հետ, և այժմ շաբաթը երկու անգամ այս ուսումնասիրությունը անցկացվում է հեռախոսակապի միջոցով։
Սակայն բարի լուրը չի հասնում միայն հեռավոր Հյուսիս։ Նիկարագուայում ապրող Վկաները որոշեցին ճանապարհորդել դեպի Կարիբյան ջունգլիներ, որպեսզի կայքի մասին թերթիկը բաժանեն մայանգնա լեզվով խոսող մարդկանց։ Առանց կանգառի՝ փոսերով լի ճանապարհով մի խարխուլ ավտոբուսով 20 ժամ գնալուց հետո 11 ժամ էլ ոտքով գնացին՝ անցնելով ցեխոտ ճանապարհների միջով։ Նրանք գյուղերում տարածեցին թերթիկները և մայանգնա լեզվով տեսանյութեր ցույց տվեցին, ինչը մեծ զարմանք առաջացրեց այնտեղ ապրող մարդկանց մեջ։
Բրազիլիայում Էստելա անունով մի Վկա կայքի մասին թերթիկը առաջարկեց մի տղամարդու, որը ճանապարհորդելիս կանգ էր առել Ամազոնի խոնավ անտառներում գտնվող մի փոքրիկ քաղաքում։ Տղամարդը առանձնահատուկ հետաքրքրություն ցույց չտվեց, բայց վերցրեց թերթիկը ու իր գրպանի մեջ դրեց այն։ Տունդարձի ճանապարհին գետում նավարկելիս հանկարծ նավակի շարժիչը փչացավ, և նա մնաց գետի մեջտեղում։ Նա սկսեց կարդալ թերթիկը, հետո հեռախոսի միջոցով jw.org կայքը մտավ և մի քանի հոդված կարդաց, նաև որոշ տեսանյութեր բեռնեց։ Մի քանի օր անց, երբ նա հանդիպեց Էստելայի ամուսնուն, ասաց որ շնորհակալություն հայտնի Էստելային թերթիկի համար և ավելացրեց. «Գետի մեջտեղում ինձ այնքան լքված էի զգում, բայց, կարդալով հոդվածները, հանգստացա, մինչև որ մեկ ուրիշ նավակով եկան ինձ օգնելու։ Երեխաներս շատ են սիրում Կարենի մասին մուլտֆիլմերը։ Ես միշտ կօգտվեմ jw.org կայքից»։