Անցնել բովանդակությանը

«Ես սպասում էի ձեր զանգին»

«Ես սպասում էի ձեր զանգին»

 Էդը և նրա կինը՝ Ջենին, առաջին անգամ փորձեցին հեռախոսով վկայություն տալ 2010 թ.-ին։ a Ջենին ասում է. «Ինձ բացարձակ դուր չեկավ այդ ձևով ծառայելը։ Ամուսնուս ասացի. «Էլ երբեք այսպես չեմ քարոզի»»։ Էդը նմանատիպ զգացումներ ուներ։ Նա պատմում է. «Չեմ սիրում, երբ վաճառքի խորհրդատուները զանգում են ինձ, ուստի չէի պատկերացնում, թե ինչպես եմ հեռախոսով վկայություն տալու մարդկանց»։

 Երբ սկսվեց COVID-19 համավարակը, Եհովայի վկաները դադարեցին քարոզել տնետուն։ Սակայն հնազանդվելով բարի լուրը հռչակելու մասին Հիսուսի պատվերին՝ նրանք շարունակեցին մասնակցել ծառայությանը. հիմնականում վկայություն էին տալիս նամակների և հեռախոսի միջոցով (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Միևնույն ժամանակ քրիստոնեական հանդիպումները, այդ թվում՝ քարոզչական հանդիպումները, սկսեցին անցկացվել տեսակոնֆերանսի միջոցով։ Քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ Էդը իր մեջ քաջություն հավաքեց, որ կրկին փորձի հեռախոսով վկայություն տալ։ Նա ի՞նչ զգացումներ ուներ, երբ հեռախոսը ձեռքը վերցրեց։ «Այնքան լարված էի. Եհովայից օգնություն աղերսեցի,— հիշում է Էդը։— Հետո հավաքեցի համարը։ Արդյունքում ծանոթացա Թայրոնի հետ»։ b

 Թայրոնը և նրա կինը՝ Էդիթը, ապրում են ԱՄՆ-ի Քենտուկի նահանգի գյուղական տարածքներից մեկում։ Թայրոնը 83 տարեկան է ու շատ թույլ տեսողություն ունի։ Չնայած դրան՝ նա ընդունեց Էդի առաջարկը և համաձայնեց նրա օգնությամբ հեռախոսով կանոնավոր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թայրոնն ուսումնասիրության նյութը կարդում էր խոշորացույցի միջոցով։

 Մոտ մեկ ամիս անց Թայրոնն ու Էդիթը սկսեցին մասնակցել տեղի ժողովի կողմից անցկացվող հանդիպումներին։ Քանի որ նրանք ինտերնետ չունեին, հեռախոսով էին միանում։ Իսկ ի՞նչը մղեց Էդիթին հետաքրքրվել ճշմարտությամբ։

 Թայրոնի հետ ուսումնասիրության ժամանակ Էդն ու Ջենին կողքից լսում էին Էդիթի ձայնը. նա հուշում էր ամուսնուն՝ ինչ պատասխանել, և օգնում էր իրենց Աստվածաշնչում գտնել համարները։ Բայց նրա մասնակցությունն այդքանով սահմանափակվում էր։ «Նրա ձայնի մեջ խոր թախիծ կար,— հիշում է Ջենին։— Բայց ես ու Էդը չգիտեինք՝ ինչու»։

Էդն ու Ջենին հեռախոսով վկայություն են տալիս

 Մի օր Ջենին որոշեց, որ պետք է խոսի Էդիթի հետ։ Երբ հասավ հարմար պահը, նա Էդին խնդրեց հեռախոսն իրեն փոխանցել ու ասաց. «Թա՛յրոն, կողքից լսում եմ կնոջդ ձայնը։ Կուզեի առաջարկել, որ համար կարդա կամ ինքն էլ մասնակցի քննարկմանը»։

 Կարճ դադարից հետո լսվեց Էդիթի ցածր ձայնը. «Այնքա՜ն էի ուզում խոսել քեզ հետ»։ Ապա նա ավելացրեց. «Ես Եհովայի վկա եմ։ Արդեն 40 տարի է՝ ոչ ակտիվ եմ»։

 Ջենին ապշել էր։ Նա բացականչեց. «Դու իմ քո՜ւյրն ես»։ Եվ երկուսով սկսեցին արտասվել։

 Շուտով Էդը Էդիթին փոխանցեց «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկը։ Հաջորդ շաբաթներին Էդն ու Ջենին դրական փոփոխություններ էին նկատում Էդիթի մեջ։ «Սկզբում նրա ձայնի մեջ այնքան ցավ կար,— ասում է Էդը։— Բայց հիմա այն լի է կյանքով»։ Էդիթը սկսեց հոգևորապես առաջադիմել և այժմ բարի լուրի ուրախ քարոզիչ է։ Նրա ամուսինը մկրտվեց 2022 թ. հուլիսին։

 Հիշելով, թե նախկինում ինչպես էր վերաբերվում հեռախոսով վկայությանը՝ Էդն անմիջապես մտաբերում է Թայրոնի հետ զրույցը։ Երբ Էդը նրա համար կարդաց Հովհաննես 6։44-ը և բացատրեց, որ Եհովան ձգում է մարդկանց դեպի ճշմարտությունը, Թայրոնը համաձայնեց՝ ասելով. «Ես սպասում էի ձեր զանգին»։ Ջենին նույնպես ուրախ է, որ ամուսնու հետ քաջություն հավաքեցին ու կրկին փորձեցին հեռախոսով վկայություն տալ։ Նա ասում է. «Եհովան օրհնում է նման ջանքերը»։

a Եհովայի վկաները կատարում են իրենց ծառայությունը՝ հետևելով տվյալների պաշտպանության մասին օրենքներին։

b Որոշ անուններ փոխված են։