Ինչո՞ւ են Եհովայի վկաները հարգալից կերպով հեռու մնում հայրենասիրական արարողություններին մասնակցելուց
Եհովայի վկաները հարգում են կառավարություններին և ազգային խորհրդանիշները։ Մենք ընդունում ենք այն փաստը, որ մյուսները իրավունք ունեն հավատարմության երդում տալ, պատվել դրոշին կամ երգել ազգային օրհներգը։
Այնուամենայնիվ, Եհովայի վկաները նախընտրում են չմասնակցել նման արարողություններին, քանի որ դրանք հակասում են աստվածաշնչյան ուսմունքներին։ Մենք գնահատում ենք, որ մարդիկ էլ փոխադարձաբար հարգում են մեր համոզմունքները։
Այս հոդվածում՝
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են վերաբերում այս հարցին
Մեր դիրքորոշման հիմքում ընկած են ներքոհիշյալ երկու կարևոր աստվածաշնչյան համարները։
Միայն Աստված է արժանի մեր երկրպագությանը։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Ղուկաս 4։8)։ Հավատարմության երդում տալով և ազգային օրհներգը երգելով՝ հաճախ մարդիկ բացարձակ նվիրվածություն են խոստանում իրենց երկրին։ Ուստի Եհովայի վկաները չեն կարող մաքուր խղճով մասնակցել նման արարողություններին։
Եհովայի վկաները նաև կարծում են, որ դրոշին պատիվ տալը հավասարազոր է երկրպագության կամ կռապաշտության, ինչն Աստվածաշունչը դատապարտում է (1 Կորնթացիներ 10։14)։ Որոշ աշխարհիկ աղբյուրներ ընդունում են, որ ազգային դրոշները, ըստ էության, կրոնական խորհրդանիշներ են։ «Ազգայնականության հավատի գլխավոր խորհրդանիշը և պաշտամունքի գլխավոր առարկան դրոշն է»,— գրել է պատմաբան Կարլթոն Հայեսը։ a Վաղ քրիստոնյաների մասին Դենիել Մաննիքսը գրել է. «Քրիստոնյաները հրաժարվել են.... ընծաներ մատուցել [հռոմեական] կայսրին հովանավորող հանճարի ոգուն, ինչը այսօր գրեթե հավասարազոր է դրոշին պատիվ տալուց հրաժարվելուն»։ b
Թեև Եհովայի վկաները պատիվ չեն տալիս դրոշին, սակայն այն վանդալիզմի չեն ենթարկում, այրում կամ այլ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորում դրա կամ որևէ այլ ազգային խորհրդանիշի նկատմամբ։
Աստծու առաջ բոլոր մարդիկ հավասար են (Գործեր 10։34, 35)։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործեր 17։26)։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները կարծում են, որ սխալ կլինի փառաբանել որևէ ազգի կամ էթնիկ խմբի, կամ մի ազգին մյուսից վեր դասել։ Մենք պատվում ենք բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ծագումից կամ բնակության վայրից (1 Պետրոս 2։17)։
Ի՞նչ անել, եթե օրենքն է պարտադրում մասնակցել
Եհովայի վկաները դեմ չեն կառավարություններին։ Մենք հավատում ենք, որ կառավարությունները «Աստծու սահմանած կառույցի» մի մասն են, որոնց նա թույլ է տվել գոյություն ունենալ (Հռոմեացիներ 13։1-7)։ Մենք նաև կարծում ենք, որ քրիստոնյաները պետք է հնազանդվեն իշխանություններին (Ղուկաս 20։25)։
Իսկ ի՞նչ անել, երբ իշխանությունների սահմանած և Աստծու դրած օրենքների միջև հակասություն է առաջանում։ Որոշ դեպքերում հնարավոր է իրավական խնդրանք ներկայացնել կառավարությանը՝ օրենքների մեջ փոփոխություն կատարելու նպատակով։ c Իսկ եթե հնարավոր չէ որևէ փոփոխություն անել, Եհովայի վկաները հարգալից կերպով որոշում են «Աստծո՛ւն հնազանդվել և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)։
Արդյո՞ք Եհովայի վկաները փորձում են որևէ սոցիալական կամ քաղաքական գաղափար առաջ տանել
Ո՛չ։ Եհովայի վկաները սոցիալական և քաղաքական հարցերում որևէ մեկի կողմը դիրք չեն բռնում։ Հավատարմության երդում ու դրոշին պատիվ չտալը կամ ազգային օրհներգը չերգելը չեն նշանակում, որ մենք քաղաքական ակտիվիստներ ենք։ Փոխարենը մենք հավատարիմ ենք այդ արարողությունների վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված մեր համոզմունքներին։