Անցնել բովանդակությանը

2010 թ.-ին Ադրբեջանում կալանավորված մեր եղբայրներից ու քույրերից մի քանիսը։ ՄԻԵԴ-ը որոշեց, որ կրոնի ազատության նրանց իրավունքը ոտնահարվել է

ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2020
ԱԴՐԲԵՋԱՆ

Հաղթանակներ ՄԻԵԴ-ում ընդդեմ Ադրբեջանի

Հաղթանակներ ՄԻԵԴ-ում ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) երկու որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների՝ պաշտպանելով կրոնի ազատության իրավունքը։ Հուսով ենք, որ ՄԻԵԴ-ի այս վճիռները Ադրբեջանում մեր եղբայրներին ավելի շատ ազատություն կտան պաշտամունքի հետ կապված հարցերում։

2020 թ. փետրվարի 20-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Նասիրովը և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դատավճիռը, ինչպես նաև «Եհովայի վկաների կրոնական համայնքն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատավճիռը, որոնք դատարանի վարույթում էին 2010 թ.-ից և 2009 թ.-ից համապատասխանաբար։ Դատարանը «Նասիրովի» գործով սահմանեց, որ Ադրբեջանը 2010 թ. խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 9-րդ հոդվածները (անձնական ազատության և կրոնի ազատության իրավունքները)‵ քարոզելու համար Եհովայի վկաներին բազմիցս ձերբակալելով, դատապարտելով և տուգանելով։ Դատարանը յուրաքանչյուր դիմումատուի համար որպես բարոյական վնասի հատուցում նշանակեց 3 000 եվրո, ընդհանուր հաշվով՝ 21 000 եվրո։ ՄԻԵԴ-ը վճռեց, որ Ադրբեջանը «Եհովայի վկաների կրոնական համայնքը ընդդեմ Ադրբեջանի» գործով խախտել է կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման իրավունքը)՝ մեր եղբայրներին արգելելով ներմուծել և տարածել որոշ հրատարակություններ։

Ջեյսոն Ուայզը, ով այս դատական գործերին մասնակցած իրավաբաններից մեկն է, նշում է. «Երկար տարիներ Ադրբեջանի Եհովայի վկաների համար դժվար է եղել ներմուծել և տարածել կրոնական գրականություն։ Տասնյակ գործեր են հարուցվել գրականության ներմուծման արգելքը վերացնելու առնչությամբ։ Մենք նաև բողոքարկել ենք Եհովայի վկաներին քարոզչությանը մասնակցելու համար ձերբակալելու մի շարք որոշումներ։ ՄԻԵԴ-ի երկու վճիռներն էլ մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի Եհովայի վկաների համար։ Դատարանը «Եհովայի վկաների կրոնական համայնքը ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռեց, որ Եհովայի վկաների գրականությունը ո՛չ միջկրոնական բախումներ է հրահրել, ո՛չ էլ վատ հետևանքների է հանգեցնել։ Դատարանը «Նասիրովի» գործով հաստատեց, որ հասարակական վայրերում Եհովայի վկա չհանդիսացող մարդկանց կարելի է տալ կրոնական գրականություն։ Ուրախ ենք, որ դատարանը պաշտպանեց Ադրբեջանում կրոնի ազատության և այն արտահայտելու իրավունքը»։

Եղբայր Ֆամիլ Նասիրովը իր զգացումներն արտահայտեց՝ ասելով. «Անցյալում մենք շատ դժվարություններ ենք ունեցել։ Մեր երկրում ձերբակալվելը և 4-5 ժամ հարցաքննվելը սովորական բան էր դարձել։ Բայց Եհովայի աջակցության և մեր սիրելի եղբայրների ջանքերի շնորհիվ նման բաներ այլևս չկան, և մենք կարող ենք ազատորեն քարոզել»։

Նույնիսկ մինչև ՄԻԵԴ-ի վճիռը մեր եղբայրներն Ադրբեջանում արդեն ավելի շատ ազատություն ունեին իրենց կրոնը դավանելու համար։ Կառավարությունը նրանց թույլ էր տվել ներմուծել և տարածել մեր հրատարակությունները։ 2017 թ. հունվարից ի վեր մեր հավատակիցներից ոչ ոք չի տուգանվել ժողովի հանդիպումներին հաճախելու համար։ Ներկայումս հանդիպումներն անցկացվում են Բաքվի երեք Թագավորության սրահներում, իսկ երկրի այլ մասերում՝ հավատակիցների տներում։ 2015 թվականից Ադրբեջանի՝ կրոնական միավորումների հարցերով պետական կոմիտեն, որը պատասխանատու է կրոնական կազմակերպությունների գրանցման և վերահսկողության համար, թույլ է տվել, որ վարձակալված սրահներում Եհովայի վկաները անցկացնեն համաժողովներ, ինչպես նաև Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։

Մենք երախտապարտ ենք Եհովային այս որոշումների համար և շնորհակալ ենք նրան, որ նա շարունակում է աջակցել Ադրբեջանի մեր քույրերին ու եղբայրներին (Սաղմոս 98։1