ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2017
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանի գերագույն դատարանը արդարացնում է Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային
2017թ. փետրվարի 8-ին Ադրբեջանի գերագույն դատարանը արդարացրեց Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային, որոնք մեղադրվում էին առանց պետության թույլտվության կրոնական գրականություն տարածելու մեջ։ Դատավոր Հաֆիզ Նասիբովը՝ Գերագույն դատարանի քրեական պալատի անդամը, հայտարարեց, որ Դատարանը այդ երկու Վկա կանանց գործողություններում ոչ մի հանցանք չի գտել, և բեկանեց ցածր ատյանների որոշումները։
Դատավարության ընթացքում տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան ընդգծեցին կառավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը, որը դրսևորվել էր իրենց նկատմամբ անարդար և վիրավորական վերաբերմունքով։ Դատարանը այդ երկու կանանց թույլ տվեց պատմել, թե ինչի միջով են անցել ավելի քան 11 ամիս տևած նախնական կալանքի ընթացքում, և թե դա ինչ ազդեցություն է թողել իրենց վրա։
Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան Ջեյսոն Ուայզը նշում է. «Մենք շատ ուրախ ենք, որ Գերագույն դատարանի քրեական պալատը հանել է բոլոր մեղադրանքները։ Ադրբեջանում բնակվող Եհովայի վկաների համար ցածր ատյանների որոշումները անվավեր դարձնելը աննախադեպ է։ Հուսով ենք, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը նաև կճանաչի այդ երկու կանանց փոխհատուցում տալու իրավունքը»։