Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 20, 2022
ԲԵԼԳԻԱ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց հօգուտ Բելգիայի Եհովայի վկաների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց հօգուտ Բելգիայի Եհովայի վկաների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) միաձայն վճռեց, որ Բելգիայի կառավարությունը խտրականություն է դրսևորել Եհովայի վկաների նկատմամբ՝ չեղարկելով Բրյուսելի տարածաշրջանի ինը ժողովներին նախկինում տրված գույքահարկի արտոնությունը։ «Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունը և այլք ընդդեմ Բելգիայի» գործով վճիռը, որը հրապարակվեց 2022 թ. ապրիլի 5-ին, կարող է նպաստել դավանանքի մեր ազատությանը ոչ միայն Բելգիայում, այլև եվրոպական այլ երկրներում։

Բրյուսելի տարածաշրջանի բոլոր կրոններն ազատված էին հարկերից մինչև 2018 թ.։ Սակայն այդ տարի տարածաշրջանը փոփոխեց իր հարկային օրենսդրությունը և որոշեց, որ միայն վեց «ճանաչված կրոններ» կարող են օգտվել այդ արտոնությունից: Օրենքի այդ փոփոխության պատճառով Եհովայի վկաները ստիպված էին լինելու մեծ գումարներ վճարել Բրյուսելում գտնվող Թագավորության սրահների գույքի համար, որը տարեկան կազմում է գրեթե 45 000 եվրո (49 025 դոլար):

ՄԻԵԴ-ը որոշեց, որ հարկերից ազատվելու արտոնությունը միայն պետության կողմից վեց «ճանաչված կրոններին» տրամադրելով՝ Բրյուսելի տարածաշրջանը խտրական վերաբերմունք է դրսևորում Եհովայի վկաների նկատմամբ և խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Իր որոշումը կայացնելիս ՄԻԵԴ-ը նաև նշեց, որ Բելգիայի կառավարությունը ստել է՝ ասելով, թե Եհովայի վկաները կարող են դիմել պետական ճանաչում ստանալու համար։ ՄԻԵԴ-ը նշեց, որ Բելգիայում միայն արդարադատության նախարարն ունի պետական ճանաչման գործընթաց սկսելու իրավունք, և որ այս կարգավիճակը շնորհվում է կառավարության կողմից կամայական կերպով։

Իր պաշտոնական վճռում ՄԻԵԴ-ը նշեց, որ Բելգիայի կողմից պետական ճանաչման գործընթացը «իրականում ենթադրում է կամայականության վտանգ»՝ հավելելով՝ «խելամիտ չէ ակնկալել, որ գույքահարկից արտոնություն ստանալու համար կրոնական խմբերը կդիմեն ճանաչման համար, եթե երաշխիք չունեն, որ արդար որոշում կկայացվի»: Փոխարենը դատարանը հորդորեց Բելգիային լինել «չեզոք և անաչառ» կրոնական խմբերի, օրինակ՝ Եհովայի վկաների հետ կապված գործերում։

ՄԻԵԴ-ի վճիռը ընդգծում է, որ պետական իշխանությունները չեն կարող որոշել՝ արդյոք որոշ կրոնական համոզմունքներ անկեղծ են, և թե ինչպես մարդիկ պետք է իրականացնեն իրենց պաշտամունքը։ Այն նաև կօգնի կանխել այլ եվրոպական պետությունների կողմից հարկային օրենքների ընդունումը, որոնք կարող են խտրական վերաբերմունք համարվել մեր կազմակերպության նկատմամբ:

Մենք շնորհակալ ենք Եհովային բոլոր օրինական հաղթանակների համար, որոնք օգնում են մեզ փառաբանել իր անունը (Հայտնություն 15։4