ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 2024
ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը պաշտպանում է պացիենտի՝ բուժում ընտրելու իրավունքը
Դատարանը միաձայն որոշում ընդունեց Եհովայի վկաներին առնչվող երկու դատական գործով
2024 թ. սեպտեմբերի 25-ին Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը բեկումնային որոշում ընդունեց, որով պաշտպանեց չափահաս բուժառուների՝ արյան փոխներարկումից հրաժարվելու և այլընտրանքային բուժում ընտրելու իրավունքը։ Դատարանը նաև սահմանեց, որ Առողջապահության նախարարությունը պարտավոր է հոգ տանել, որ անձնական և կրոնական նկատառումներով արյան փոխներարկումից հրաժարվող պացիենտները կարողանան ստանալ այնպիսի բուժօգնություն, որը չի ներառում փոխներարկում։
Վերոնշյալ որոշումը առնչվում է Բրազիլիայի երկու Եհովայի վկաների գործերին։ 2018 թ.-ին, երբ քույր Մալվինա Սիլվան հրաժարվեց ստորագրել համաձայնության ձևաթուղթը, որով նրա բժիշկներին իրավունք կտրվեր սրտի պլանային վիրահատության ժամանակ արյան փոխներարկում անել իրեն, հիվանդանոցը չեղարկեց նրա վիրահատությունը։ Միայն երկու տարի հետո էր, որ Մալվինան վերջապես կարողացավ ստանալ իր համոզմունքները չոտնահարող բուժօգնություն։
2014 թ.-ին եղբայր Հելի դե Սուզան հերթագրվել էր վիրահատվելու համար։ Սակայն տեղի հիվանդանոցը բավարար սարքավորված չէր, որ վիրահատությունը իրականացներ առանց արյան փոխներարկման։ Իսկ պետական առողջապահական մարմինները մերժեցին Հելիի խնդրանքը՝ իրեն տեղափոխել այլ հիվանդանոց, որը սարքավորված էր և պատրաստակամ կատարելու պրոցեդուրան այնպես, որ իր համոզմունքներն ու արժեքները չոտնահարվեն։ Հելին մինչև հիմա սպասում է, որ իրեն վիրահատեն։ Բրազիլիայում Եհովայի վկաներից շատերն են բախվել նման դժվարությունների, և նրանց նույնիսկ, հակառակ իրենց կամքի, արյան փոխներարկում են արել։
Որոշումը հրապարակելիս Դատարանի նախագահ Լուիս Ռոբերտու Բարոզուն նշել է. «Կրոնական համոզմունքների հիմնավորմամբ արյան փոխներարկումից հրաժարվելը իրավական հիմք ունի և երաշխավորված է մարդու արժանապատվության ու կրոնի ազատության սահմանադրական սկզբունքներով։ Հետևաբար կյանքի և առողջության իրավունքը երաշխավորում է, որ [Եհովայի վկաները] իրավունք ունեն ստանալու այլընտրանքային բուժում [և] ելնելով անձնական որոշում կայացնելու իրավունքից՝ իրավասու են հրաժարվելու արյան փոխներարկում ներառող բուժումից»։
Այս որոշումը ողջ Բրազիլիայի դատարաններին պարտավորեցնում է հարգել բուժման վերաբերյալ անձնական որոշում կայացնելու պացիենտի իրավունքը։ Այլ երկրներում էլ էին Գերագույն դատարանները նմանատիպ որոշում ընդունել, օրինակ՝ Ավստրալիայում, Կանադայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում։ Այս որոշումը նաև համահունչ է 2024 թ. սեպտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կայացրած վճռին, որը Եվրոպական խորհրդի 46 անդամ պետություններին պարտավորեցնում է հարգել պացիենտի՝ բուժում ընտրելու իրավունքը։
Անչափ ուրախ ենք, որ Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը այսպիսի որոշում է ընդունել, որը պարտավորեցնում է հարգել իր բոլոր քաղաքացիների համոզմունքները և բուժման հետ կապված անձնական որոշում կայացնելու նրանց իրավունքը։