ՀՈՒՆԻՍԻ 19, 2024
ԳԱՆԱ
Եհովայի վկաների թարգմանչական գործը՝ Գանայի ազգային թանգարանում
2024 թ. ապրիլի 11-ից հունիսի 11-ը Գանայի ազգային թանգարանում (Աքրա) կայացավ «Գանայի մայրենի լեզուներով գրագիտության և աստվածաշնչյան կրթության խթանում» խորագրով հատուկ ցուցահանդեսը։ Այն ավելի քան 1 300 այցելու ունեցավ։
Գանայում Եհովայի վկաները սկսել են թարգմանել Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները 1937 թ.-ին։ Այդ ժամանակ երկիրը հայտնի էր որպես Ոսկե Ափ։ Այսօր Գանայի մասնաճյուղում հրատարակությունները թարգմանվում են գանայական 12 լեզուներով։ Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին տեսանյութեր, հրատարակություններ և այլ ցուցանմուշներ, որոնք բացահայտում են, թե Վկաներն ինչ ներդրում են ունեցել երկրի պատմության մեջ։ Նաև ներկայացվեց, թե որքան հեշտ է jw.org կայքում գտնել այդ թարգմանված հրատարակությունները ու օգտվել դրանցից։
Գանայի ազգային թանգարանը և Գանայի համալսարանի չորս պրոֆեսորներից բաղկացած թիմը համագործակցեց տեղի մեր մասնաճյուղի հետ, որ կազմակերպի այդ ցուցադրությունը։ Գանայի հասարակության գրաճանաչությունը խթանելու և թարգմանական ծրագրերը բարելավելու նպատակով այս պրոֆեսորները ուսումնասիրեցին Եհովայի վկաների օգտագործած թարգմանական մեթոդները։ Այդ ուսումնասիրության շրջանակներում պրոֆեսորներից մեկը՝ դոկտոր Արաբա Օսեի-Տուտուն, այցելեց Ուորվիքում (Նյու Յորք, ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչություն։ Բացի այդ՝ պրոֆեսորների թիմը շրջայց կատարեց Գանայի մասնաճյուղում։
Ցուցահանդեսի բացման խոսքերում դոկտոր Արաբա Օսեի-Տուտուն հայտարարեց. «Եհովայի վկաները առանցքային դեր ունեն գրագիտության զարգացման մեջ, հատկապես երբ խոսքը տեղի լեզուների մասին է.... Առիթից օգտվելով՝ ուզում ենք.... հայտնել մեր երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործում»։
Ցուցադրությանը ծանոթանալուց հետո Վիննեբայի կրթության համալսարանի պրոֆեսոր Յո Սեկյի-Բայդուն նշեց. «Ես միշտ տեսել եմ, թե ինչ մեծ կրթական գործ են իրականացնում Եհովայի վկաները, բայց այժմ ապշած եմ՝ տեսնելով նրանց թարգմանչական գործունեության ծավալը»։
Գանայում Եհովայի վկաների խոսնակը ասաց. «Քաջալերական է տեսնել, որ Եհովայի ժողովուրդը հանրության մեջ լավ համբավ է ձեռք բերել՝ հասարակության վրա դրական ազդեցություն թողնելով իր կրթական գործունեությամբ։ Ակնհայտ է, որ Եհովան է օրհնում մեր ջանքերը, որպեսզի ամեն տեսակ մարդիկ ճանաչեն իրեն» (Հովհաննես 17։3)։