ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2013
ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայում բացվեց Հոլոքոստից վերապրած Եհովայի վկայի հուշարձանը
ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ 2013թ. հունիսի 21-ին Լոտերտալ-Ռայխենբախում տեղի ունեցավ Եհովայի վկա Մաքս Լիբստերի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Նա հինգ տարուց ավելի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Բացման արարողությունը կատարեցին քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Ներկա էին քաղաքի բնակիչները, ինչպես նաև Մաքս Լիբստերի այրին՝ Սիմոնե Լիբստերը, ով նույնպես Եհովայի վկա է։
Պարոն Լիբստերը հրեա էր և ապրում էր Գերմանիայում։ 1939թ.-ին՝ նացիստական վարչակարգի ժամանակներում, գեստապոն ձերբակալեց նրան և ուղարկեց համակենտրոնացման ճամբար։ Այդ տարիների ընթացքում նա եղավ հինգ տարբեր ճամբարներում՝ Զակսենհաուզեն, Նոյենգամե, Օսվենցիմ, Բունա և Բուխենվալդ։ Նրա ընտանիքի անդամներից ութը մահացան համակենտրոնացման ճամբարներում։ Նրանց մեջ էր նաև իր հայրը, ում դին նա անձամբ տարավ Զակսենհաուզենի դիակիզարան։
Պարոն Լիբստերը համակենտրոնացման ճամբարներում ծանոթացավ ու սկսեց շփվել Եհովայի վկաների հետ։ 1945-ին, երբ ազատ արձակվեց, մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ Հուշարձանին ամրացված բրոնզե սալիկի վրա գրված է, որ հավատն էր, «որ ապրելու ուժ և կամք էր տվել նրան»։ Նա կյանքից հեռացավ 2008թ.-ին 93 տարեկան հասակում։
Հուշարձանի բացման հրավիրատոմսում ասվում էր, որ պարոն Լիբստերը «համոզված էր, որ քրիստոնեական արժեքները կարող են բացահայտել մարդու մեջ բոլոր լավ հատկությունները»։ Վոլֆրամ Սլուպինան՝ Եհովայի վկաների խոսնակը Գերմանիայում, ասում է. «Մենք ուրախ ենք, որ այսպես հիշվում է մեր հավատակցի քաջությունը, ով կրոնական անհանդուրժողականության դեմ պահեց համոզմունքների հիմնավորմամբ իր հաստատ դիրքորոշումը։ Այս հուշարձանը իսկական վկայություն է այն բանի, որ Աստվածաշունչը խաղաղություն և միություն հաստատելու զորեղ պատգամ ունի, որին Եհովայի վկաները ջանում են հավատարիմ լինել»։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110