Անցնել բովանդակությանը

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր մոտ 500 մարդ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2018
ԳԵՐՄԱՆԻԱ

Ցուցահանդես Քասելում՝ Վկաների նշանակալից համաժողովի 70-րդ տարելիցի առիթով

Ցուցահանդես Քասելում՝ Վկաների նշանակալից համաժողովի 70-րդ տարելիցի առիթով

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թ. հուլիսին, Եհովայի վկաները Գերմանիայի Քասել քաղաքում հետպատերազմյան դժվար ժամանակներում կազմակերպեցին Եվրոպայում իրենց ամենամեծ հավաքույթը։ Իսկ այդ համաժողովի 70-րդ տարելիցի առիթով նրանք ցուցահանդես կազմակերպեցին Քասելում։ Ցուցահանդեսին, որը տևեց 12 օր, ներկա եղավ 2 000-ից ավելի մարդ։ Այս իրադարձությունը լուսաբանեցին գերմանական տեղի հեռուստաալիքներից մեկը և մի քանի թերթեր։

1948 թ. համաժողովին ներկա եղած Եհովայի վկաները պատմում են իրենց հիշողությունների մասին

Քասելում անցկացված պատմական համաժողովին ներկա եղածների բարձրագույն թիվը 23 150 էր, որոնցից 1 200-ը մկրտվեց։ Ուշագրավ է, որ հռետորներից և ներկաներից շատերը եղել էին համակենտրոնացման ճամբարներում։ Դա հաստատեց նաև Բրայթենաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի տնօրեն դ-ր Գունար Ռիխտերը, երբ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իր ելույթում պատմեց, թե նացիստական վարչակարգի ներքո Եհովայի վկաները ինչ տառապանքներ են կրել։

Եղբայրներն ու քույրերը պատրաստում են համաժողովի անցկացման վայրը, որտեղ 50-ից ավելի ձագարներ կային

Ցուցահանդեսում կարելի էր տեսնել լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր Քասելը գրեթե ամբողջովին ավերվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Երբ մեր եղբայրները ցանկացան համաժողով կազմակերպել, միակ վայրը, որտեղ իշխանությունները թույլ տվեցին անցկացնել այն, ռումբի պայթյունից առաջացած մեծ փոսերով՝ ձագարներով մարգագետինն էր։ Եղբայր Քուրտ Ռեքսը, որը ներկա էր եղել համաժողովին, նկարագրեց, թե ինչպես էին եղբայրները աշխատում գրեթե չորս շաբաթ, որ տարածքը պատրաստեն համաժողովի անցկացման համար. «Աշխատանքը մեծ ֆիզիկական ուժ էր պահանջում։ Պետք է նախ դույլերով հանեինք փոսերի միջի ջուրը։ Դրանից հետո միայն կարող էինք անցնել բուն աշխատանքներին և հարևանությամբ գտնվող ավերված տների քարերով ու շինաղբով լցնել փոսերը։ Նաև շատ դժվար էր հողը հարթեցնել, քանի որ չունեինք համապատասխան մեքենաներ կամ գործիքներ։ Անդադար տեղացող անձրևների պատճառով մենք միշտ թրջված էինք»։ Չնայած դրան՝ մեր եղբայրները տեղափոխեցին մոտ 10 000 խորանարդ մետր (13 080 խորանարդ յարդ) քար և շինաղբ։

Համաժողովին ներկա էր ավելի քան 23 000 մարդ

Եհովայի վկաների՝ Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վոլֆրամ Սլուպինան իր բացման խոսքում նկարագրեց, թե ինչ ոգի ունեին համաժողովին նախապատրաստվող եղբայրներն ու քույրերը. «Համակենտրոնացման ճամբարներից տուն վերադառնալուց հետո նրանք իրենց հանդեպ խղճահարության զգացումով չէին լցվել և ոչ էլ վրեժխնդրության զգացումով էին համակված.... Նրանց վերագտած ազատությունը բառացիորեն խթանել էր իրենց տքնաջան աշխատելու»։

Քասելի քաղաքային խորհրդի անդամ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ Էսթել Կալվերամը ցուցահանդեսին ներկա գտնվողներին ուղղած իր խոսքում ասաց. «Այդ համաժողովը նշանակալից էր ոչ միայն Եհովայի վկաների, այլև Քասել քաղաքի համար»։

Քասելում 1948 թ.-ին անցկացված համաժողովը և 2018 թ.-ին դրա 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը այն բանի վկայությունն են, որ չնայած ահռելի խոչընդոտներին՝ Եհովայի ժողովուրդը վճռական է միասին հավաքվելու աստվածաշնչյան կրթություն ստանալու համար (Սաղմոս 35։18