ՄԱՅԻՍԻ 3, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Կենտրոնացած մնա Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններիդ վրա»
Հատուկ ծրագիր, որը զորացրեց Ուկրաինայի և Լեհաստանի մեր հավատակիցներին
2022 թ. ապրիլի 26-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ժամանեց Լեհաստան՝ քաջալերելու Ուկրաինայի ընթացիկ պատերազմից տուժած մեր հավատակիցներին։
Լեհաստանի և Ուկրաինայի բոլոր ժողովները հրավիրված էին ունկնդրելու հատուկ ծրագիրը, որը տեղի ունեցավ 2022 թ. ապրիլի 30-ին։ Լեհաստանում գտնվող ուկրաինացի փախստականները և աղետից տուժածներին օգնելու ծրագրում ընդգրկվածները հրավիրված էին ֆիզիկապես ներկա գտնվելու միջոցառմանը, որը տեղի էր ունենալու Վարշավայի համաժողովների սրահում։ Ծրագրին ընդհանուր հաշվով ներկա եղավ 250 000 մարդ։
Եղբայր Սանդերսոնը ասաց. «Ամբողջ աշխարհի մեր եղբայրներն ու քույրերը մտածում են ձեր մասին և աղոթում են ձեզ համար»։ Նա նաև ավելացրեց. «Գլխավոր վարչությունում ամեն օր աղոթում են Ուկրաինայի և Ռուսաստանի համար, աղոթում են նաև Կառավարիչ մարմնի հանդիպումներին»։ Նա ունկնդիրներին հավաստիացրեց՝ դժվարություն ունենալը չի նշանակում, որ զրկված եք Եհովայի օրհնությունից։ Եղբայր Սանդերսոնը ասաց. «Եհովան տեսնում է ձեզ, սիրում է ձեզ և հատկապես մոտ է նեղության մեջ եղողներին»։
Եղբայր Սանդերսոնը շարունակեց. «Կենտրոնացած մնա Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններիդ վրա։ Մեր նպատակը ոչ թե պարզապես վերապրելն է, այլ այս դժվարություններից ավելի ամուր հավատով և Եհովայի հետ ավելի մտերիմ դուրս գալն է։ Եհովան մեզ դա է սովորեցնում»։
Օդեսայից Շերի անունով մի երեց հետևյալն է ասում. «Անցած մի քանի շաբաթների ընթացքում անհանգստության, անորոշության և կորստի զգացումները խաթարել էին քունս։ Սակայն [հատուկ ծրագիրը] ամրացրեց համոզվածությունս, որ Եհովան իր ժողովրդի մասին ոչ միայն որպես ամբողջություն է հոգ տանում, այլ անհատապես»։
Կիևից մի փախստական քույր, ում անունը Տատյանա է, ասում է. «Այսօր զգացի, թե Եհովան որքան մոտ է ինձ։ Նա գրկում է ինձ և պարուրում իր սիրով։ Ուր էլ լինենք, Եհովան մեզ հետ է»։
Մենք շատ ենք սիրում մեր եղբայրներին և քույրերին։ Վստահ ենք, որ այս հատուկ ծրագիրը նրանց կհիշեցնի Եհովայի «սիրառատ բարության մասին» (Սաղմոս 136։1)։