Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 1, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի դատարանները լուծումներ են փնտրում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար

Հարավային Կորեայի դատարանները լուծումներ են փնտրում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար

Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաներին ընդունված պրակտիկայի համաձայն ազատազրկելու փոխարեն՝ Հարավային Կորեայի դատավորները նրանց չդատապարտելու տարբերակներ են փնտրում։ Որոշ դատավորներ հաշվի են առնում այն հանգամանքը, որ այդ անհատները չեն ուզում վնասել ուրիշներին՝ ելնելով Աստվածաշնչի սկզբունքներով կրթված իրենց խղճից։ * Ուստի հիմնվելով խղճի ազատության հիմնարար իրավունքի վրա՝ որոշ դատարաններ անմեղ են ճանաչել այդ երիտասարդներին զինծառայությունից խուսափելու մեջ։ 2015թ. մայիսից սկսած՝ առաջին ատյանի դատարանները համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Վկա երիտասարդներին անմեղ ճանաչելու մասին 66 դատավճիռ են կայացրել։ Սա բավականին մեծ թիվ է, եթե հաշվի առնենք այն, որ վերջին տասնամյակներում ընդամենը 4 նման դատավճիռ է կայացվել։

Ազդեցիկ որոշում

Զարմանալի է, որ 2018թ. փետրվարի 1-ին Պուսանի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց այդ դատավճիռներից մեկը՝ անտեսելով տվյալ հարցի հետ կապված Գերագույն և Սահմանադրական դատարանների դատական պրակտիկան։ Այդ որոշումը ուշագրավ է հատկապես երկու առումներով. Պուսան նահանգի բնակիչները պահպանողական են, իսկ այդ գործով վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը՝ Ջոնգ-դու Չոյը, նախկինում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող մի անհատի գործով մեղադրական դատավճիռը թողել էր անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը ընդգծեց Հարավային Կորեայի սահմանադրական պարտավորությունը՝ կատարելու իր կողմից վավերացված միջազգային իրավունքը, տվյալ պարագայում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (այսուհետ՝ Դաշնագիր), որով ճանաչվում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Դատարանը պատճառաբանեց, որ «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկման տեսքով պատիժ նշանակելը հակասում է Դաշնագրի 18-րդ հոդվածին, հետևաբար.... տեղին է նշել, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը «հիմնավոր պատճառ» է զորակոչից հրաժարվելու համար»։ Բազմաթիվ ԶԼՄ-ներով հաղորդեցին այդ որոշման մասին, և շատ դիտորդներ կարծում են, որ այն դրական ազդեցություն կունենա արդարադատության ոլորտի վրա։

Սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը

Նախկինում դատավորները զինծառայությունից հրաժարվելու համար տարեկան միջին հաշվով 500–600 երիտասարդ էին ազատազրկում, սակայն այժմ շատ դատավորներ հետաձգում են դատական նիստերը։ Քննության փուլում գտնվող գործերի թիվը, որը տվյալ պահին ավելի քան 700 է, գնալով աճում է, քանի որ դատարանները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ազատազրկման վայրերում կար ընդամենը 267 Վկա։ Սա նվազագույն թիվն է վերջին տասը տարիների ընթացքում։

Սահմանադրական դատարանը կսահմանի, թե արդյոք դատարանները պետք է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների դեպքում կիրառեն «Զինծառայության մասին» օրենքի այն դրույթը, որով պատիժ է սահմանվում զինծառայությունից խուսափելու համար, կամ արդյոք խղճի ազատության սահմանադրական իրավունքը պաշտպանում է նրանց՝ համաձայն միջազգային չափանիշների։ Հարավային Կորեայում շատերը հույս ունեն, որ Դատարանը կգտնի այնպիսի լուծում, որով կհարգվի այն երիտասարդների արժանապատվությունը, ովքեր հանգիստ խղճով կարող են կատարել հանրության համար օգտակար այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։

Եթե Դատարանը այս հարցը լուծի հօգուտ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների, դրանով Հարավային Կորեան կգործի համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումների, որոնք վերաբերում են հարյուրավոր երիտասարդների։ Հանձնաժողովը կոչ է արել Հարավային Կորեային դադարեցնել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների ազատազրկումը և հարգել խղճի ազատության հիմնարար իրավունքը։

^ պարբ. 2 Օրինակ՝ Եսայիա 2։4-ում ասվում է. «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել»։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին սիրել իրար՝ ասելով. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13:34, 35