ՀՈՒԼԻՍԻ 13, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը վերականգնում է արդարությունը
Մոտ 65 տարի շարունակ Հարավային Կորեայում երիտասարդ քրիստոնյաները դատապարտվել են ազատազրկման խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Սակայն 2018 թ. հունիսի 28-ին՝ հինգշաբթի, Սահմանադրական դատարանի նշանակալից որոշումից հետո ամեն ինչ կարող է փոխվել։ Դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Զինծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ կառավարությունը իր քաղաքացիներին այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն չի տրամադրում։
Ինը դատավորներից բաղկացած կազմը դատավոր Լի Ջին-սունգի նախագահությամբ ընդունեց որոշումը 6 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Որոշումը հիմք է տալիս պետությանը իր օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային նորմերին և ճանաչելու խղճի, մտքի և կրոնի ազատության իրավունքը։
Հարավային Կորեան տարեկան ավելի շատ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների է ազատազրկել, քան մնացած երկրները միասին վերցրած։ Եղել են տարիներ, երբ այդ երկրում 500–600 եղբայրներ են դատապարտվել ազատազրկման։ Ազատ արձակված խղճի կալանավորները իրենց ամբողջ կյանքում կրում են դատվածության պիտակը, ինչը տարբեր խնդիրներ է ստեղծում, օրինակ՝ սահմանափակում է աշխատանքի ընդունվելու իրենց հնարավորությունները։
Սակայն սկսած 2011 թ.-ից՝ մի քանի եղբայրներ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան, քանի որ օրենքը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկումից բացի՝ այլ հնարավորություն չի տալիս։ 2012 թ.-ից ի վեր նույնիսկ որոշ դատավորներ, ովքեր մտահոգված էին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելու պրակտիկայով, իրենց վարույթում գտնվող գործերը ուղարկել են Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս վերանայի «Զինծառայության մասին» օրենքը։
Սահմանադրական դատարանի դերը նրանում է, որ վճռի, թե արդյոք այս կամ այն օրենքը ներդաշնակ է Կորեայի Սահմանադրությանը։ Երկու անգամ (2004 և 2011 թթ.-ին) Դատարանը սահմանել է, որ Հարավային Կորեայի Սահմանադրության և «Զինծառայության մասին» օրենքի միջև հակասություն չկա։ Սակայն ի վերջո ընդունել է, որ այս օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա։ Սահմանադրական դատարանը Հարավային Կորեայի կառավարությանը պարտավորեցրել է մինչև 2019 թ. վերջը վերանայել օրենքը, որպեսզի դրանում ընդգրկվի այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորությունը։ Այլընտրանքային ծառայությունը կարող է ներառել աշխատանքներ հիվանդանոցում և ոչ զինվորական բնույթի այլ հանրօգուտ աշխատանքներ։
Ահա թե ինչ է ասել այս որոշման կարևորության մասին Կորեայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Դե-իլ Հոնգը. «Սահմանադրական դատարանը, որը մարդու իրավունքները պաշտպանող ամենաազդեցիկ դատարանն է, սառույցը շարժեց։ Մեր եղբայրները անհամբերությամբ սպասում են, թե երբ կկարողանան ծառայել հասարակությանը այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջոցով, որը չի հակասի իրենց խղճին և կհամապատասխանի միջազգային չափանիշներին»։
Այլ կարևոր հարցեր էլ կան, որոնք դեռ պետք է լուծվեն, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման մեջ եղող 192 Վկաների կարգավիճակը և տարբեր դատական ատյանների վարույթում գտնվող մոտ 900 գործերի ելքը։
Սահմանադրական դատարանի պատմական որոշումը ավելի ծանրակշիռ հիմքեր է տալիս Գերագույն դատարանին՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող անձանց օգտին որոշում կայացնելու։ Գերագույն դատարանի որոշումը կանդրադառնա այն բանի վրա, թե ինչպիսի ընթացք կունենան դատական ատյանների վարույթում գտնվող տվյալ հարցին առնչվող քրեական գործերը։
2018 թ. օգոստոսի 30-ին Գերագույն դատարանում կկայանա դռնբաց դատական նիստ, որից որոշ ժամանակ հետո կհրապարակվի որոշումը։ Վերջին 14 տարիների ընթացքում սա առաջին դեպքը կլինի, երբ Գերագույն դատարանի դատավորական ողջ կազմը կքննի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հարցը։
Միևնույն ժամանակ Ազգային ժողովը՝ Կորեայի օրենսդիր մարմինը, արդեն իսկ աշխատում է «Զինծառայության մասին» օրենքի փոփոխությունների վրա։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ասում է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք Գերագույն դատարանի որոշմանը։ Կորեայի մեր եղբայրները պատրաստ էին զոհելու իրենց ազատությունը՝ հասկանալով, որ «եթե մեկը ջանում է Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալ և այդ պատճառով ձախորդություններ է կրում ու անարդարացիորեն չարչարվում է, դա հաճելի է Աստծուն» (1 Պետրոս 2։19)։ Մենք ուրախ ենք նրանց համար, քանի որ վերջապես դատարանը ընդունեց, որ մեր եղբայրների հետ անարդարացիորեն են վարվել, և որ նրանց ամուր դիրքորոշումը պայմանավորված է նրանց համոզմունքներով»։