Անցնել բովանդակությանը

Հարավային Կորեայում Եհովայի վկաների մի ընտանիք մասնակցում է ստորագրահավաքին

ՄԱՐՏԻ 1, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայում Վկաները դիմում են նախագահին՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով

Հարավային Կորեայում Վկաները դիմում են նախագահին՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով

Հարավային Կորեայում վերջերս տեղի ունեցող դեպքերը ենթադրում են, որ կառավարությունը պատրաստվում է մեծ փոփոխություն կատարել մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու ոլորտում։ 2017թ. դեկտեմբերի 7-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը հանդիպել էր Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնախմբի (այսուհետ՝ Ազգային հանձնախումբ) ներկայացուցիչների հետ և նրանց խնդրել, որ վերջիններս առաջարկեն տարբերակներ, թե ինչպես կարող են բարելավել երկրում մարդու իրավունքների իրականացումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին։ Նախագահ Մունը մասնավորապես խնդրել էր Ազգային հանձնախմբին առաջարկել տարբերակներ, որոնք կօգնեին կառավարությանը վերջ դնելու համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու քաղաքականությանը։

Այս հանդիպումից հետո, որը գրավեց հանրության ուշադրությունը, Եհովայի վկաները Հարավային Կորեայում կազմակերպեցին ստորագրահավաք՝ նախագահին խնդրագրեր ներկայացնելու համար։ Կառավարության կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել Վկաների մի քանի սերունդների համար։ Քանի որ նախագահ Մունը իր վարչակազմին հրահանգել է արձագանքել քաղաքացիներից ստացված խնդրագրերին, Վկաները խնդրագրերով դիմել են նախագահին՝ աջակցելու համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հետ կապված հարցի լուծմանը, որին իրենք բախվում են մոտ 70 տարի։

Եհովայի վկաների տեղի մասնաճյուղը կազմակերպում է խնդրագրերը ներկայացնելու գործընթացը

Ստորագրահավաքի չորրորդ շաբաթվա ընթացքում խնդրագրերն արդեն պատրաստ էին։ Խնդրագրերը ստորագրեցին ավելի քան 14000 տղամարդիկ, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված են եղել, և այդ անհատների հարազատները՝ ավելի քան 26000 հոգի, ովքեր տուժել են նրանց դատապարտման և ազատազրկման հետևանքով։

Խնդրագրերը ներկայացվեցին նախագահի գրասենյակ 2018թ. հունվարի 15-ին

2018թ. հունվարի 15-ին խնդրագրերը ստորագրած 41275 Վկաների 6 ներկայացուցիչներ դրանք ներկայացրին նախագահի գրասենյակ։ Խնդրագրերում գնահատանք էր արտահայտվում այն բանի համար, որ նախագահը հետաքրքրված է այս հարցով։ Նաև ընդգծվում էր ազատազրկման բացասական հետևանքները, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները կրել են մոտ 70 տարի, և այն օգուտները, որ կլինեն այս հարցի լուծման արդյունքում։ 2018թ. հունվարի 16-ին նախագահի գրասենյակը խնդրագրերը հանձնեց պաշտպանության նախարարության քննությանը։

Մինչ խնդրագրերը պատրաստվում էին, Եհովայի վկաների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ազգային հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Նրանք ներկայացրին սուրբգրային հիմքեր, թե ինչու են Եհովայի վկաները հրաժարվում զինծառայությունից։ Եթե սկսի գործել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, Վկա երիտասարդները, ովքեր կմասնակցեն այդ ծառայությանը, բանտում անիմաստ նստելու փոխարեն՝ լավ աշխատուժ կլինեն կառավարության համար և օգտակար կլինեն իրենց երկրին։ Ազգային հանձնախմբի ներկայացուցիչները Վկաներին ասացին, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հետ կապված խնդիրը 2018թ.-ին Ազգային հանձնախմբի համար մարդու իրավունքներին առնչվող ամենահրատապ հարցն է լինելու։

Հարավային Կորեայում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների թիվը գերազանցում է ողջ աշխարհում այդ մեղադրանքով ազատազրկված անձանց թիվը։ Նրանք բանտերում ընդհանուր հաշվով անց են կացրել ավելի քան 36700 տարի։ Մինչ պաշտոնյաները վերանայում են այդ հարցի հետ կապված կառավարության երկարամյա քաղաքականությունը, Եհովայի վկաները հուսով են, որ այս նոր նախաձեռնությունը վերջ կդնի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու պրակտիկային։