Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 2019
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Լանդշաֆտային ձևավորման հրաշալի օրինակ. Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարությունը ավարտին է մոտենում

Լանդշաֆտային ձևավորման հրաշալի օրինակ. Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարությունը ավարտին է մոտենում

Չելմսֆորդում Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թ. դեկտեմբերին։ Սակայն այս նախագիծը արդեն իսկ արժանացել է մասնագետների գնահատանքին, քանի որ Եհովայի վկաներին հաջողվել է վերականգնել տեղանքի գեղեցկությունը։

Երբ 2015 թ.-ին մեր եղբայրները գնեցին այս հողատարածքը, այն օգտագործվում էր որպես աղբանոց մեքենաների ջարդոնների և կենցաղային թափոնների համար։ Կամավորները հողից փորելով հանեցին և վերամշակեցին մեծ քանակությամբ աղբ, այդ թվում՝ հազարավոր անվադողեր, որոնցից մի քանիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից էին մնացել։ Այնուհետև նրանք մաղեցին աղտոտված հողը, որպեսզի հեռացնեն աղբի նույնիսկ փոքր կտորները, որոնք ավելի ուշ վերամշակեցին կամ այլ կերպ օգտագործեցին։ Ապա նրանք մաքուր հողը օգտագործեցին շինհրապարակում։ 34 հեկտար (մոտ 85 ակր) տարածքը վերականգնելու համար 11 000-ից ավելի եղբայրներ ու քույրեր են աշխատել՝ տրամադրելով ավելի քան չորս միլիոն ժամ։

Ձախ կողմում: Մարզում ստացած կամավորները շինհրապարակից հեռացնում են աղբը (2015 թ.)։ Աջ կողմում։ Գեղեցիկ այգիներից մեկի՝ վերջերս արված լուսանկարը

Համալիրի տարածքում լինելու են պարտեզներ, որտեղ աճելու են ինչպես այդ տեղանքին հատուկ, այնպես էլ այլ վայրերից բերված բույսեր։ Նոր Բեթելի տարածքը կգեղեցկացնեն նաև լճակները, ծաղկազարդ մարգագետիններն ու պտղատու այգին։ Բրիտանիայի մասնաճյուղի լանդշաֆտային ձևավորումը ոչ միայն գեղեցիկ է, այլև լավ մտածված. այն նպաստավոր միջավայր է ստեղծում կենդանիների ու թռչունների բնակության և անձրևաջրերի օգտագործման համար, ինչպես նաև նպաստում է հինավուրց ծառերի ու կանաչ ցանկապատերի պահպանմանը, այդ տեղանքին հատուկ բույսերի բազմացմանը և հարակից տարածքի բարեկարգմանը։

Եղբայր Փոլ Ռոջերսը, որը շինարարական նախագծի կոմիտեի անդամ է, ասաց. «Մեր գնած հողատարածքը տարիներ շարունակ ողբալի վիճակում է եղել։ Այն լրիվ վերափոխվեց շնորհիվ կամավորների մեծ բանակի, որը սկսեց մանրակրկիտ կերպով տեսակավորել աղբը և մաքրել տարածքը։ Դրան հաջորդեց լանդշաֆտի ձևավորումը, որի ժամանակ հաշվի առանք շրջակա տարածքի ռելիեֆի առանձնահատկությունները։ Այնուհետև հարյուրավոր նոր ծառեր, թփեր և այլ բույսեր տնկեցինք։ Այժմ այս տարածքին նայելիս ակամայից հիշում ենք Եզեկիել 36։35, 36 համարների խոսքերը. «Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի պարտեզի պես է դարձել».... Այն ազգերը.... կիմանան, որ ես՝ Եհովաս եմ շինել քարուքանդ եղածը և ծառեր տնկել ամայի երկրում»»։

 

Երկու քույր մաքրում են լճակը։ Տիղմն ու աղբի մեծ կտորները լճակներից հանվել են տրակտորների օգնությամբ։ Իսկ փոքր կտորները և մոլախոտերը ձեռքով են հեռացվել։ Բացի այդ, տնկվել են ավելի քան 8 000 ջրային բույսեր, ինչի շնորհիվ ջրավազաններում ջուրը նկատելիորեն ավելի մաքուր է դարձել։

Ջրահեռացման համակարգի մաս կազմող լճակներից մեկը։ Կողքով անցնող ճանապարհից և մասնաճյուղի տարածքից անձրևաջրերը լցվում են դրա մեջ։ Նկարի ձախ կողմում երևում է ավտոբուսի կանգառը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի այգին։

Կանաչապատողների՝ երեք հոգուց բաղկացած խումբը ծառ է տնկում։ Ընդհանուր առմամբ տնկվել են գրեթե 15 000 ծառ, թուփ և այլ բույսեր։

Մոտ 100 տարեկան վեց ձիթենի վերատնկվել է գրասենյակային համալիրի դիմաց։

Այգեգործությամբ զբաղվող քույրերը լուսանկարվում են։ Տարածքի անտառապատ հատվածում ավելի քան 18 000 ծաղկի սոխուկ է տնկվել։ Կանաչապատման համար ընտրված բույսերի առնվազն 80 տոկոսը տեղի ֆլորային է պատկանում։

Զ բնակելի շենքի մուտքի մոտ խնամքով աճեցված ծաղիկները, թփերն ու ծառերը։