ՄԱՐՏԻ 9, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բլագովեշչենսկի բնակիչներ Ալեքսեյ Բերչուկին և Դմիտրի Գոլիկին սպառնում է ազատազրկում
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց երկրորդ բողոքը
2022 թ. փետրվարի 16-ին Ընդհանուր իրավասության 9-րդ վճռաբեկ դատարանը մերժեց Ալեքսեյ Բերչուկի և Դմիտրի Գոլիկի բողոքը։ Նրանք կմնան կալանավորված
2021 թ. սեպտեմբերի 2-ին Ամուրի մարզային դատարանը մերժեց եղբայրներ Ալեքսեյ Բերչուկի և Դմիտրի Գոլիկի բողոքը։ Ալեքսեյի պատիժը մնաց անփոփոխ, իսկ եղբայր Դմիտրիի պատժաժամկետը կրճատվեց 10 ամսով։ Նրանց տեղափոխեցին բանտ։
2017 թ արգելքից հետո եղբայրների նկատմամբ նշանակվել է ամենաերկար պատժաժամկետը
2021 թ. հունիսի 30-ին Ամուր մարզի Բլագովեշչենսկի քաղաքային դատարանը դատապարտել է Ալեքսեյ Բերչուկին և Դմիտրի Գոլիկին համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման։ Կազմակերպության գործունեության 2017 թ. արգելքից հետո յոթուկես տարին ամենաերկար պատժաժամկետն է եղել, որ նշանակվել է մեր հավատակցի նկատմամբ։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո երկու եղբայրներին տարել են կալանավայր։
Տվյալներ
Ալեքսեյ Բերչուկ
Ծնվել է 1975 թ. (Կարտալի, Չելյաբինսկի մարզ)
Կենսագրություն։ Աշխատել է որպես շինարար և ատաղձագործ։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 1990-ականներին։ Դադարել է զբաղվել բռնի սպորտաձևերով և այժմ սիրում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ Մկրտվել է 1998 թ.-ին։ 2008 թ.-ին ամուսնացել է Աննայի հետ։
Դմիտրի Գոլիկ
Ծնվել է 1987 թ. (Տոխոյ, Բուրյաթիայի Հանրապետություն)
Կենսագրություն։ Աշխատում է որպես չինարենի թարգմանիչ։ Սիրում է ծանր քաշերով մարզվել, ֆուտբոլ խաղալ և կիթառ նվագել։
Նրա ողջ ընտանիքը սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 1990-ականներին։ Մկրտվել է 2002 թ.-ին։ Երբ նրան զորակոչեցին բանակ, փոխարենը՝ նա այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարեց։ Ամուսնացել է Քրիստինայի հետ 2012 թ.-ին։ Ծառայությունը ընդլայնելու նպատակով կնոջ հետ սովորում է անգլերեն և չինարեն։
Դատական գործի պատմություն
2018 թ. սկզբներին կառավարության գործակալները գաղտնալսման տեսասարքեր են տեղադրել եղբայր Գոլիկի բնակարանում։ 2018 թ. հունիսին Անվտանգության դաշնային ծառայության (այսուհետ՝ ԱԴԾ) աշխատակիցները խուզարկեցին Բլագովեշչենսկում ապրող յոթ Վկաների տներ։ Խուզարկությունից հետո քրեական գործ հարուցվեց Դմիտրի Գոլիկի և Ալեքսեյ Բերչուկի նկատմամբ։ Նրանք մեղադրվեցին «ծայրահեղական գործունեություն» կազմակերպելու մեջ։
Ալեքսեյին չէին տեղեկացրել, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել։ 2019 թ. հունվարի 21-ին նա ձերբակալվեց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի անձնագրային անցակետում։ ԱԴԾ աշխատակիցը ուղեկցեց Ալեքսեյին նրա քաղաք, որտեղից չհեռանալու մասին ստորագրություն վերցվեց նրանից։
Երկու եղբայրներն էլ ընդգծում են այսպիսի իրավիճակներին նախապատրաստվելու կարևորությունը։ Դմիտրին ասում է. «Պետք է լավատես լինել, բայց նաև պատրաստվել վատագույնին։ Գործնական նախապատրաստությունը, ինչ խոսք, օգտակար է, բայց ավելի կարևոր է հոգևորապես նախապատրաստվել։ Հալածանքի ժամանակ կարևոր է ոչ թե այն, թե որքան խելացի ենք կամ որքան լավ ենք կարողանում թաքնվել մեզ հետապնդողներից, այլ Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը։ Հիսուսը կարող էր հեշտությամբ թաքնվել թշնամիներից, բայց դա չէր իր նպատակը։ Լինելով Հիսուսի հետևորդները՝ մեր նպատակը նույնպես ոչ թե դժվարություններից խուսափելն է, այլ դրանց արժանապատվորեն դիմագրավելը»։
Ալեքսեյը հավելում է. «Սխալ կլինի մտածել՝ դա ինձ հետ չի պատահի, քանի որ ես աղոթում եմ Եհովային։ Ակնհայտ է, որ Եհովան է դա թույլ տալիս։ Ու եթե նախապես գիտակցենք այդ փաստը և մտովի պատկերացնենք մեզ այդպիսի իրավիճակներում, դրականի վրա կենտրոնանանք, ապա, երբ դա տեղի ունենա, ավելի հեշտ կլինի ընդունել ու հաղթահարել՝ ապավինելով Եհովային»։
Ռուսաստանի մեր հավատակիցները, այդ թվում՝ Ալեքսեյը, Դմիտրին և նրանց կանայք կհաստատեն սաղմոսերգուի խոսքերը. «Ահա Աստված իմ օգնականն է. Եհովան նրանց հետ է, ովքեր պահպանում են իմ հոգին» (Սաղմոս 54։3, 4)։