ՄԱՅԻՍԻ 25, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դենիս Քրիստենսենին ազատ են արձակել և արտաքսել
2022 թ. մայիսի 25-ին Դենիս Քրիստենսենը ապահով հասավ Դանիա։ Դրա նախորդ օրը նրան ազատ էին արձակել կալանավայրից և անմիջապես Ռուսաստանից արտաքսել։ Դենիսը ընդհանուր առմամբ հինգ տարի անցկացրել է տարբեր բանտերում։
«Ես շատ ուրախ եմ, որ ազատ եմ արձակվել բանտից և սիրելի կնոջս՝ Իրինայի կողքին եմ,— ասում է Դենիսը։— Ինձ համար ամբողջ աշխարհի հավատակիցների աջակցությունն ու քաջալերանքը նվերներ էին Եհովայից։ Ես էլ շարունակում եմ աղոթել հավատի պատճառով հետապնդվող և բանտարկված համարձակ քույրերիս ու եղբայրներիս համար»։
Դենիսին ու Իրինային հոգևոր և ֆինանսական օգնություն են տրամադրել հարազատները և հավատակիցները։ Նրանք նշում են. «Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք Դանիայի հավատակիցների հետ ազատորեն երկրպագելու Եհովային»։
Դենիսը ձերբակալվել և կալանավորվել է 2017 թ. մայիսի 25-ին, երբ Ռուսաստանի զինված և դիմակավորված ոստիկանները ներխուժեցին Օրյոլում անցկացվող նրանց ժողովի հանդիպման վայր։ Հետո մեղադրվել է Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից այդ դեպքերից մեկ ամիս առաջ «ծայրահեղական» համարված և արգելված կրոնական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ։
Թեև Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հաստատել են, որ արգելքը Եհովայի վկաների իրավաբանական անձանց է առնչվում և առանձին Վկաների կրոնի ազատության իրավունքը այն չի խախտի, բայց Դենիսի բանտարկությունը Ռուսաստանի և Ղրիմի Եհովայի վկաների հանդեպ ագրեսիվ գործողությունների, ձերբակալությունների և բանտարկությունների սկիզբն էր։
Այսօրվա դրությամբ 91 եղբայրներ և քույրեր բանտերում են։ Աղոթում ենք, որ Եհովան շարունակի աջակցել և հատուկ ուշադրություն դարձնել իրեն նվիրվածներին (Սաղմոս 4։3)։