ՄԱՅԻՍԻ 18, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Դմիտրի Վինոգրադովին ուժ են տալիս Եհովայի օրհնությունները
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դմիտրի Վինոգրադովը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման
2021 թ. հունիսի 7-ին Չելյաբինսկի Ցենտրալնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դմիտրի Վինոգրադովին։ Նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, և նա դեռ կմնա ազատության մեջ։
Դատավճռի հրապարակում
Չելյաբինսկի Ցենտրալնի շրջանի դատարանը շուտով կհրապարակի Դմիտրի Վինոգրադովի գործով դատավճիռը։ a
Տվյալներ
Դմիտրի Վինոգրադով
Ծնվել է 1963 թ. (Չելյաբինսկ)
Կենսագրություն։ Ծնողները ամուսնալուծված են, և նրան մայրն է մեծացրել։ Շախմատը նրա հոբբին է եղել, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է մասնագիտության, և նա դարձել է շախմատի վարպետ։ Ուսուցանում է շախմատի մասնավոր դպրոցում։ 1990 թ.-ին ամուսնացել է Ժանարգուլի հետ։ Նրանք 4 երեխա ունեն, որոնցից երկուսը դեռ իրենց հետ են ապրում։
Միշտ զարմացել է, թե ինչու են մարդիկ աղտոտում մոլորակը և վնասում ուրիշներին։ Իր հարցերի գոհացուցիչ պատասխանները գտել է Աստվածաշնչում։ 2014 թ.-ին մկրտվել է և դարձել Եհովայի վկա։
Դատական գործի պատմություն
2018 թ. վերջերին կառավարության գաղտնի գործակալները ձևացրել են, թե հետաքրքրված են Աստվածաշնչով և սկսել են զրուցել Դմիտրիի հետ։ Մինչև 2020 թ. հունվարը նրանք արդեն բավարար «ապացույցներ» էին հավաքել նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։ Երկու ամիս անց, երբ նա տանը չէր, իրավապահ մարմինները մտան և խուզարկեցին նրա բնակարանը։
Դմիտրին թույլ տեսողություն ունի և արյան բարձր ճնշում։ Նա ասում է. «Աստծու հետ ունեցած իմ փոխհարաբերությունները կախված չեն իմ ֆիզիկական առողջությունից։ Ես ուրախ եմ ու հպարտ, որ կարող եմ վկայություն տալ դատարանում»։
Դմիտրին և նրա ընտանիքը տարիների ընթացքում Աստվածաշնչի ընթերցանության, խորհրդածության, ինչպես նաև ժողովներին նախապատրաստվելու, մասնակցելու և մեկնաբանություններ տալու լավ սովորություններ են զարգացրել։ Դա նրա ընտանիքի անդամներին օգնել է մտերմանալ Եհովայի և միմյանց հետ ու պատրաստվել հալածանքներին։ Նա նաև պատմում է. «Եղբայրների ու քույրերի աղոթքները մեզ օգնող գլխավոր բաներից են։ Եհովան լսում է այս արդար մարդկանց աղոթքները ու առատապես օրհնում է իմ ընտանիքին»։
Մենք շատ բան ենք սովորում մեր հավատարիմ եղբայրներից ու քույրերից, որոնք համարձակորեն դիմագրավում են հալածանքներին և չեն կորցնում իրենց ուրախությունը։ Նրանց առնչությամբ տեղին է մեջբերել 2 Թեսաղոնիկեցիներ 1։4-ի խոսքերը. «Մենք հպարտանում ենք ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ»։
a Միշտ չէ, որ դատավճռի հրապարակման օրը կանխավ հայտնի է։