ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Ռուստամ Սեյդկուլիևը ազատ արձակվելուց հետո արտաքսվել է Թուրքմենստան
2023 թ. ապրիլի 7-ին Ռուսաստանում եղբայր Ռուստամ Սեյդկուլիևը ազատ արձակվեց բանտից։ Նա մի քանի ամիս սպասեց, ինչից հետո՝ 2023 թ. սեպտեմբերի 17-ին, նրան արտաքսեցին Թուրքմենստան, քանի որ Ռուսաստանի կառավարությունը նրան զրկել էր քաղաքացիությունից։ Նրա կինը՝ Յուլյան, հույս ունի, որ շուտով կվերամիավորվի ամուսնու հետ։
Ռուստամը 7 ամիս եղել է տնային կալանքի տակ և գրեթե 23 ամիս՝ ճաղերի հետևում։ Այս ողջ ընթացքում նա պահպանել է իր դրական տրամադրվածությունը և Եհովայի հանդեպ ամուր հավատը։ Բանտում գրած իր նամակներում Ռուստամը նշել էր, թե աստվածաշնչյան ո՛ր օրինակներն են օգնում իրեն դիմանալ. «Շատ եմ քաջալերվում Նաբովթի և Մեմփիբոսթեի օրինակներից։ Չնայած անարդարացի մեղադրանքներին՝ նրանք պահպանեցին իրենց նվիրվածությունն ու հավատը։ Սա հիշելն օգնում է, որ դիմանամ ներկայիս դժվարություններին և կենտրոնանամ իմ հույսի վրա»։
Երբ Ռուստամը բանտարկված էր գաղութում, Յուլյային թույլ էին տալիս միայն երեք ամիսը մեկ այցելել նրան։ Բայց նրանք կարող էին զորացնել միմյանց՝ ամեն օր հեռախոսով զրուցելով և «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից ընթերցելով օրվա խոսքն ու դրա վերաբերյալ մեկնաբանությունը։
Բանտ ուղարկվելուց կարճ ժամանակ առաջ Ռուստամն ասաց. «Հասկացել եմ, որ ամեն ինչ Եհովայի վերահսկողության տակ է, և նա պատրաստ է ճիշտ ժամանակին ճիշտ ձևով հոգ տանել մեր մասին։ Դրա համար էլ պետք է շարունակեմ ամբողջությամբ վստահել նրան»։
Վստահ ենք, որ Եհովան հոգ կտանի Ռուստամի և Յուլյայի մասին, մինչ նրանք շարունակում են իրենց ապավենն ու ամրոցը դարձնել նրան (Սաղմոս 91։2)։