Անցնել բովանդակությանը

Եղբայր Միխայլովը՝ վերջերս տված հարցազրույցի ժամանակ։ Նա ձերբակալվեց Ռուսաստանի իշխանությունների կողմից 2018 թ. մայիսի 29-ին և 171 օր անցկացրեց կալանքի տակ

ՀՈՒՆԻՍԻ 18, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը ապօրինաբար է կալանավորել եղբայր Միխայլովին (ՄԱԿ-ի փորձագետների խումբ)

Ռուսաստանը ապօրինաբար է կալանավորել եղբայր Միխայլովին (ՄԱԿ-ի փորձագետների խումբ)

Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) միջազգային իրավունքի փորձագետների խումբը եկավ այն եզրահանգման, որ Ռուսաստանի կողմից եղբայր Դմիտրի Միխայլովի ձերբակալությունն ու կալանքը «կրոնական հիմքով խտրականության» դրսևորում էր և հետևաբար միջազգային իրավունքի ոտնահարում։ Նրանք նաև կոչ արեցին Ռուսաստանին վերացնել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։

Համաձայն ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) 12 էջից բաղկացած եզրակացության՝ եղբայր Միխայլովի գործողությունները «միշտ միանգամայն խաղաղ են եղել»։ Բացի այդ, «չկա որևէ ապացույց այն մասին, որ նա կամ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող այլ Եհովայի վկաներ երբևէ գործադրել են բռնություն կամ այլոց հրահրել են բռնություն գործադրելու»։

Աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ եղբայր Միխայլովը «կրոնի ազատության իր իրավունքը գործադրելուց բացի՝ այլ բան չի արել» և «չպետք է ձերբակալվեր ու նախնական կալանքի տակ պահվեր»։ Հետևաբար նրան պետք է փոխհատուցում տրամադրվի ապօրինի կալանքի տակ գտնվելու պատճառով չվճարված աշխատավարձի, ինչպես նաև անազատության հետևանքով կրած վնասների դիմաց։

Աշխատանքային խումբը նաև ընդունել է, որ եղբայր Միխայլովը միակը չէ, ով հավատի համար բախվում է անարդարության։ Նա «ընդամենը մեկն է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող այն Վկաներից (նրանց թիվը գնալով աճում է), որոնք ձերբակալվել, կալանավորվել և քրեորեն հետապնդվել են պարզապես կրոնի ազատությունից օգտվելու համար», ինչը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Ուստի անդրադառնալով Ռուսաստանում մեր հավատակիցների հետապնդմանը՝ Աշխատանքային խումբը հստակ նշեց, որ եզրակացությունը կիրառելի է ոչ միայն եղբայր Միխայլովի ապօրինի կալանավորման պարագայում, այլև «պրն Միխայլովի իրավիճակում» գտնվող բոլոր Եհովայի վկաների դեպքում։

Եղբայր Միխայլովը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, երբ դեռ պատանի էր, և մկրտվեց 1993 թ.-ին՝ 16 տարեկանում։ 2003 թ.-ին ամուսնացավ Ելենայի հետ, և նրանք միասին սկսեցին ծառայել Եհովային։

2018 թ.-ին եղբայր և քույր Միխայլովները հայտնաբերեցին, որ իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները և մի քանի ամիս է, ինչ նրանց պահում են տեսահսկողության տակ։ 2018 թ. ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց եղբայր Միխայլովի նկատմամբ, և զինված ոստիկանները խուզարկեցին նրա տունը։ Մոտ մեկ ամիս անց նրան ձերբակալեցին և կալանավորեցին՝ «ծայրահեղական» գործունեությունը ֆինանսավորելու մեղադրանքով։ Մոտ վեց ամիս՝ 171 օր, կալանքի տակ պահելուց հետո նրան ազատ արձակեցին։ Սակայն ճանապարհորդելու և հաղորդակցվելու նրա հնարավորությունները սահմանափակված են, քանի դեռ քրեական գործի քննությունը ավարտված չէ։

Ռուսաստանի կառավարությունը վեց ամիս ժամկետ ունի արձագանքելու Աշխատանքային խմբի եզրակացությանը։ Նրանք պետք է տեղեկություն հայտնեն այն մասին, թե արդյոք եղբայր Միխայլովի դեմ հարուցված գործը կարճվել է, հատուցում տրամադրվել է, և թե արդյոք վերջինիս իրավունքները ոտնահարողները ենթարկվել են պատասխանատվության։

Աշխատանքային խմբի նման մի եզրակացություն էլ ամենայն հավանականությամբ ազդեց Ղազախստանում եղբայր Թեյմուր Ահմեդովի գործի վրա։ 2017 թ.-ին նրան ձերբակալեցին, այնուհետև դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման իր դավանանքի մասին ուրիշների հետ խոսելու համար։ Սպառելով իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները՝ եղբայր Ահմեդովի պաշտպանները գանգատ ներկայացրին Աշխատանքային խմբին։ 2017 թ. հոկտեմբերի 2-ի իր եզրակացության մեջ Աշխատանքային խումբը խիստ քննադատության ենթարկեց Ղազախստանի իշխանությունների գործողությունները և կոչ արեց ազատ արձակել եղբայր Ահմեդովին։ Վեց ամիս անց Ղազախստանի նախագահը ներում շնորհեց եղբայր Ահմեդովին։ Նա ազատ արձակվեց 2018 թ. ապրիլի 4-ին։

Անկախ նրանից, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի եղբայր Միխայլովի գործով Աշխատանքային խմբի եզրակացությանը, մենք լիովին վստահում ենք այս խոստմանը. «Երջանիկ է այն մարդը, ով [Եհովայի] մոտ է ապաստան գտնում»։ Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի հոգ տանել Ռուսաստանում քրեական հետապնդման մեջ գտնվող մեր եղբայրների և քույրերի մասին, որպեսզի նրանք շարունակեն զգալ, թե ինչպես Նրան համարձակորեն ապավինողների համար «ոչ մի բարիք չի պակասի» (Սաղմոս 34։8, 10