Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 31, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատաքննություն է անցկացվում մեկ այլ Եհովայի վկայի գործով, ով մեղադրվում է ծայրահեղական գործունեություն իրականացնելու մեջ

Ռուսաստանում դատաքննություն է անցկացվում մեկ այլ Եհովայի վկայի գործով, ով մեղադրվում է ծայրահեղական գործունեություն իրականացնելու մեջ

70-ամյա Արկադյա Ակոպյանը, ով թոշակի անցած դերձակ է և Եհովայի վկա, մեկ տարի է, ինչ մեղադրվում է ծայրահեղական գործունեություն իրականացնելու մեջ։ Եթե դատապարտվի, նրան սպառնում է խոշոր չափի տուգանք կամ մինչև չորս տարվա ազատազրկում։

Դատախազությունը պնդում է, որ պրն Ակոպյանը մեղավոր է իր ելույթում «կրոնական ատելություն հրահրելու մեջ», որը նա ներկայացրել է տեղի Թագավորության սրահում, որտեղ հաճախել է տարիներ շարունակ։ Դատարանում դատախազը իր մեղադրանքը հիմնեց Եհովայի վկա չհանդիսացող վեց անհատների կեղծ ցուցմունքների վրա։ Նրանք պնդում են, որ պրն Ակոպյանը իր ելույթի ժամանակ վիրավորական հայտարարություններ է արել և իրենց «ծայրահեղական» գրականություն տվել ուրիշներին տարածելու համար։

Պրն Ակոպյանը և իրեն ճանաչողները այդ երկու մեղադրանքներն էլ հերքում են։ Նրա փաստաբանը դատարանում ապացույցներ ներկայացրեց այն մասին, որ ցուցմունք տված այդ վեց անհատները չեն եղել այն շինության տարածքում, որտեղ, իրենց պնդմամբ, պրն Ակոպյանը արել է այդ հայտարարությունները։ Բացի այդ, Եհովայի վկաները իրենց կրոնական գրականությունը անխտիր չեն տալիս ոչ Վկա անձանց՝ դրանք տարածելու համար։ Պրն Ակոպյանի կինը՝ Սոնյան, ով Եհովայի վկա չէ, խաչաձև հարցաքննության ժամանակ դատարանին հայտնեց, որ իրենք 40 տարվա երջանիկ ամուսիններ են, և որ իր ամուսինը երբեք իր հարազատներից որևէ մեկին չի ստիպել դառնալ Եհովայի վկա։

Դատավոր Օլեգ Գոլովաշկոյի որոշմամբ նշանակվեց փորձաքննություն՝ ուսումնասիրելու, թե արդյոք պրն Ակոպյանի ելույթում հնչած հայտարարությունները «հրահրել են կրոնական ատելություն»։ Պրն Ակոպյանի գործով 2018թ. մայիսի 15-ի դատական նիստում դատավորը նշեց, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. սեպտեմբերին, սակայն այդ ընթացքում դատավարությունը կշարունակվի։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 5-ին, երբ պրն Ակոպյանը կհարցաքննվի։ Թեև նա նախնական կալանքի տակ չէ, սակայն նրան արգելված է հեռանալ տարածքից՝ սկսած 2017թ. մայիսից, երբ Պրոխլադնիի շրջանային դատարանում սկսվեց իր գործով դատավարությունը։

Եհովայի վկաների իրավախորհրդատուի օգնական Գրեգորի Ալենը նշում է. «Պրն Ակոպյանը Ռուսաստանի կողմից ծայրահեղականության մասին օրենքը Եհովայի վկաների նկատմամբ սխալ կիրառելու հետևանքով տուժածներից ընդամենը մեկն է։ Նա անմեղ և օրինապահ քաղաքացի է, ով պարզապես ցանկանում է խաղաղ պայմաններում պաշտել Աստծուն։ Այն հանգամանքը, որ կառավարությունը Եհովայի վկաներին իր թիրախն է դարձրել, յուրաքանչյուր Վկայի պահում է ճնշման տակ և ջնջում է երկրում հասարակության շերտերի բազմազանությունը»։

Պրն Ակոպյանը Ռուսաստանում երկրորդ Վկան է, ով անարդարացիորեն հետապնդվում է «ծայրահեղական գործունեության» համար։ Օրյոլում Վկաներից մեկի՝ Դենիս Քրիստենսենի քրեական գործով դատավարությունը սկսվեց 2018թ. փետրվարին։ Մեկ տարի է, ինչ նա գտնվում է նախնական կալանքի տակ և եթե դատապարտվի, նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում։ * Մնացած յոթ Վկաները Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվում են նախնական կալանքի տակ, սակայն նրանց նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։

^ պարբ. 7 Երկու տղամարդիկ էլ մեղադրվում են քրեական օրենսգրքով, սակայն տարբեր հոդվածներով։ Պրն Ակոպյանը մեղադրվում է 282(1) հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ կրոնական ատելություն հրահրելու մեջ։ Դենիս Քրիստենսենը մեղադրվում է քրեական օրենսգրքի 282.2(1) հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ծայրահեղական ճանաչված կրոնական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ։ Այս հոդվածով սահմանվում է ավելի ծանր պատիժ։