ՀՈՒՆԻՍԻ 28, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատարանը մերժում է Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը
2017թ. հունիսի 21-ին Օրյոլի մարզային դատարանը մերժեց Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը։ Պրն Քրիստենսենը, որը Դանիայի քաղաքացի է, ձերբակալվել է 2017թ. մայիսի 25-ին Եհովայի վկաների կրոնական հանդիպմանը մասնակցելու համար, երբ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները, ինչպես նաև դիմակավորված ու զինված ոստիկանները ներխուժել են կրոնական հավաքույթի վայր։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը վերջերս սահմանեց, որ Ռուսաստանում Եհովայի վկաների իրավաբանական անձանց գործունեությունը «ծայրահեղական» է, և որոշում կայացրեց անմիջապես կասեցնել Վկաների իրավաբանական անձանց գործունեությունը։ Մայիսի 25-ին Վկաների կրոնական հանդիպման վայր ներխուժած իրավապահ մարմինների աշխատակիցները ներկաներին հայտնել են, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն ծայրահեղականության համար լուծարված կազմակերպության գործունեությունը շարունակելու մեղադրանքով։ Թեև պրն Քրիստենսենը խաղաղասեր է և դատվածություն չունի, սակայն ԱԴԾ-ն դատարանից պահանջել է նրան պահել նախնական կալանքի տակ մինչև 2017թ. հուլիսի 23-ը, որպեսզի ծայրահեղականության մեղադրանքով գործ հարուցելու համար ապացույցներ ձեռք բերվեն։
Եհովայի վկաները բողոքարկում են Գերագույն դատարանի անհիմն որոշումը, ինչպես նաև պատրաստվում են պաշտպանել կրոնը անարգել դավանելու իրենց իրավունքը՝ երաշխավորված Ռուսաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։