ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Միջազգային հանրությունը հանդես է գալիս ի պաշտպանություն Դենիս Քրիստենսենի
Եղբայր Դենիս Քրիստենսենը ավելի քան 525 օր անցկացրել է բանտում պարզապես իր հավատը դավանելու համար և մոտ 50 անգամ ներկայացել է դատարան։ Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը (Ռուսաստան), որը քննում է Դենիսի գործը, դատական նիստ է նշանակել դեկտեմբերի կեսին։ Թեև նա կալանավորված է արդեն ավելի քան 18 ամիս, սակայն չի կորցնում իր դրական տրամադրվածությունը։ Անկասկած, դա վառ ապացույցն է այն բանի, որ Եհովան աջակցում է նրան՝ պատասխանելով մեր համաշխարհային եղբայրության միլիոնավոր աղոթքներին։
Դենիսը Ռուսաստանում և այլ երկրներում գտնվող իր հավատակիցներից ստացել է հարյուրավոր բացիկներ և նկարներ, որոնց միջոցով նրանք արտահայտում են իրենց սերն ու աջակցությունը։ Հոկտեմբերի 30-ին՝ իր դատական նիստի օրը, Դենիսը դահլիճի ապակեպատ ճաղավանդակից ցույց էր տալիս երեխաների կողմից իրեն ուղարկված որոշ բացիկներ ու նկարներ, որպեսզի իրեն աջակցելու եկած մարդիկ տեսնեն դրանք և սրտապնդվեն։
Բացի համաշխարհային եղբայրությունից՝ միջազգային հանրությունը նույնպես մեծ հետաքրքրություն է ցույց տվել Դենիսի գործի հանդեպ։ 2017 թ. հուլիսի 21-ին Մոսկվայում գտնվող «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Դենիս Քրիստենսենին ճանաչեց որպես քաղբանտարկյալ։ 2018 թ. հունիսի 20-ին ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը դիմեց գլխավոր դատախազություն, որպեսզի վերջինս քննի Եհովայի վկաների քրեական հետապնդման օրինականությունը։ 2018 թ. սեպտեմբերի 26-ին Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը Դենիս Քրիստենսենին պաշտոնապես ճանաչեց որպես «խղճի կալանավոր»։
Դռնբաց դատական նիստում Ռուսաստանի կառավարությունը երաշխավորեց, որ Եհովայի վկաների իրավաբանական անձանց լուծարումը որևէ ազդեցություն չի ունենա անհատ Վկաների՝ կրոնը դավանելու իրավունքը իրականացնելու վրա։ Սակայն ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ անտեսեցին այս երաշխիքը և սխալ կիրառեցին օրենքը, որպեսզի արդարացնեն Դենիսի և այլոց ձերբակալությունը՝ նրանց մեղադրելով «ծայրահեղական» գործունեություն ծավալելու մեջ։ Այս տարի Ռուսաստանի ողջ Դաշնության տարածքով մեկ բազմաթիվ հավատացյալների տներ են ներխուժել։ Սույն հոդվածի հրապարակման պահին կալանավորված են 25 եղբայրներ և քույրեր, 18 հոգի գտնվում են տնային կալանքի տակ, իսկ ավելի քան 40 անձանց ազատության վրա գործում են տարբեր սահմանափակումներ։ Հետևաբար Դենիսի քրեական գործով որոշումը նախադեպ կհանդիսանա Ռուսաստանի մոտ 30 մարզերում ավելի քան 90 Եհովայի վկաների դեմ հարուցված գործերի քննության համար։
Վստահ ենք, որ մեր միջազգային եղբայրությունը կշարունակի աղոթել, որ Եհովան զորացնի և քաջալերի մեր այն սիրելի եղբայրներին ու քույրերին, ովքեր իրենց հավատի համար հետապնդվում են կամ կալանավորվում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ նա այնպես կանի, որ «արդարադատություն իգործ դրվի» նրանց համար (Ղուկաս 18։7)։