ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատական նիստ՝ Ռուսաստանում պետության կողմից Վկաների վարչական կենտրոնի գույքի բռնագրավման գործով
Ռուսաստանի իշխանությունները նպատակ ունեն բռնագրավելու Եհովայի վկաների վարչական կենտրոնի կողմից օգտագործվող գույքը։ Վարչական կենտրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Սոլնեչնոյե ավանում։
2017թ. ապրիլի 20-ին Գերագույն դատարանը որոշում կայացրեց Եհովայի վկաների բոլոր իրավաբանական անձանց լուծարելու և դրանց, այդ թվում՝ վարչական կենտրոնի կողմից օգտագործվող գույքը բռնագրավելու մասին։ Սակայն վարչական կենտրոնի գույքը պատկանում է ԱՄՆ-ում գործող մի իրավաբանական անձի՝ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Փենսիլվանիա) (այսուհետ՝ Ընկերություն)։ Այդուհանդերձ, դատախազը փորձում է անվավեր ճանաչել 17 տարվա պայմանագիրը, որով գույքի սեփականության իրավունքը օրինական կերպով փոխանցվել է Ընկերությանը։ Նախքան Գերագույն դատարանի որոշումը այդ պայմանագրի վավերականությունը երբեք հարցականի տակ չի դրվել, և պայմանագիրը կնքելուց հետո գույքի հետ կապված հարկերը վճարել է Ընկերությունը։ Այժմ իշխանությունները դիմում են խորամանկ քայլերի՝ գույքը բռնագրավելու իրենց վերջնական նպատակը օրինականացնելու համար։
2017թ. նոյեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Վկաների փաստաբանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ ճանապարհ հարթելով դատախազի համար։ Գույքը բռնագրավելու դատախազի պահանջը բավարարվելու դեպքում միլիոններ արժեցող գույքի կորուստ կլինի։ Բացի այդ, կենտրոնը մոտ 400 ռուս և օտարազգի մարդկանց տունն է եղել. նրանցից ոմանք այդտեղ ապրել են 20 և ավելի տարիներ։ Այդ մարդկանց համար սթրեսային է եղել այն, որ իրենց հանել են տնից և ընդհատել են ազգակիցների համար կատարվող կամավոր կրոնական ծառայությունը։
Գործի ըստ էության քննությունը կկայանա 2017թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Սանկտ Պետերբուրգի Սեստրորեցկի շրջանային դատարանում։