ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Արդարադատության նախարարությունը մեծածավալ քննչական գործողություններ է իրականացնում Եհովայի վկաների՝ Ռուսաստանի վարչական կենտրոնում
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մեծածավալ քննչական գործողություններ է իրականացնում Եհովայի վկաների՝ Ռուսաստանի վարչական կենտրոնում։ Գլխավոր դատախազի՝ 2017թ. փետրվարի 1-ի որոշման համաձայն՝ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց Վկաներին, որ ստուգումներ է անցկացնելու նրանց վարչական կենտրոնում։ Որպես ստուգման գործընթացի մի մաս, որը ծրագրված էր անցկացնել փետրվարի 8–27-ը, արդարադատության նախարարությունը պահանջեց, որ վարչական կենտրոնը ներկայացնի սեփականության, ֆինանսական հաշվետվությունների, կազմակերպության կառուցվածքի, կրթական և կրոնական գործունեության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ 2017թ. փետրվարի 15-ին վարչական կենտրոնը իշխանություններին ներկայացրեց գործին վերաբերող ավելի քան 73000 էջից բաղկացած փաստաթղթեր։
Այդ մեծածավալ քննչական գործողությունները անմիջապես հաջորդեցին Մոսկվայի քաղաքային դատարանի՝ վերջերս կայացրած որոշմանը, որով հիմնավոր ճանաչվեց 2016թ. մարտին վարչական կենտրոնին ուղղված գլխավոր դատախազի նախազգուշացումը։ Այդ նախազգուշացմամբ գլխավոր դատախազը սպառնում էր լուծարել վարչական կենտրոնը ծայրահեղական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Սկսած այդ ժամանակից՝ Ռուսաստանի ողջ տարածքում տարբեր դատարաններ որոշումներ են կայացրել լուծարելու Վկաների տեղի կրոնական կազմակերպությունները «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մեղադրանքով՝ չնայած ակնհայտ փաստերին, որ այդ մեղադրանքները հիմնված են կեղծ ապացույցների վրա։
Այդ ստուգումը մտահոգվելու առիթ է տալիս Ռուսաստանի Եհովայի վկաներին, քանի որ այն ցույց է տալիս, որ վարչական կենտրոնի լուծարումը անխուսափելի է։ Ռուսաստանի իշխանությունները, իրենց թիրախը դարձնելով Եհովայի վկաների կրոնական գործունեությունը ու հնարավորինս սահմանափակելով այն, մինչ օրս ցույց են տվել, որ իրենք չեն պատրաստվում կիրառել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշները։