Անցնել բովանդակությանը

Բանտից դուրս գալիս եղբայր Շամիլ Խակիմովին դիմավորում են եղբայրներն ու քույրերը

ՄԱՅԻՍԻ 16, 2023
ՏԱՋԻԿՍՏԱՆ

Տաջիկստանում 72-ամյա Շամիլ Խակիմովը ազատ է արձակվել բանտից

Տաջիկստանում 72-ամյա Շամիլ Խակիմովը ազատ է արձակվել բանտից

2023 թ. մայիսի 16-ին Տաջիկստանում եղբայր Շամիլ Խակիմովը ազատ արձակվեց բանտից։ Նա տուն վերադարձավ՝ հավատի համար ավելի քան չորս տարի բանտ նստելուց հետո։

Նախքան 2019 թ.-ին ձերբակալվելը Շամիլն արդեն ուներ արյան ճնշման խնդիր, սրտային հիվանդություն և այլ տկարություններ։ Չնայած վատառողջ լինելուն՝ Շամիլը բանտում չստացավ անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Դրա հետևանքով նրա առողջությունը վատթարացավ, ոտքերի շրջանում անգամ գանգրենա առաջացավ։

Թեպետ բանտում կյանքը շատ ծանր էր ու ֆիզիկական առումով ցավոտ՝ Շամիլը դրական տրամադրվածություն էր պահպանում՝ խորհելով Աստծու Խոսքից որոշ համարների շուրջ։

Ընկերները «Շամի՛լ, մենք սիրում ենք քեզ» պաստառով դիմավորում են նրան

Շամիլն իր աղոթքներում հաճախ էր նշում Սաղմոս 141։8-ի խոսքերը. «Աչքերս քեզ են ուղղված, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա։ Քեզ մոտ եմ ես ապաստան գտել»։ Բացի այդ՝ նրան շատ էր մխիթարում Եսայիա 49։13, 16 համարներում գրվածը։ Այնտեղ նշվում է, որ հարստահարվածների անունները փոխաբերական իմաստով «դրոշմված» են Եհովայի ափերի վրա։ Այս խոսքերը հավաստիացնում էին Շամիլին, որ չնայած նա բանտում փակված էր, սակայն Եհովայի կողմից մոռացված չէր։

Եհովայի Խոսքից ստացած մխիթարության շնորհիվ Շամիլը պահպանում էր ուրախությունը և անգամ կարողանում քաջալերել մյուսներին։ Մի եղբայր, ով Շամիլի բանտարկության ընթացքում շարունակ կապի մեջ էր նրա հետ, պատմում է. «Երբ առաջին անգամ զանգեցի նրան, մտածում էի, որ տխուր, կոտրված մարդու ձայն կլսեմ։ Բայց արի ու տես, որ նա անկոտրում ոգի ուներ. ցանկացած իրավիճակում դրական մտավիճակ էր պահպանում և անգամ մեր տրամադրությունը բարձրացնում»։

Ողբ 3։25-ում ասվում է. «Բարի է Եհովան նրա հանդեպ, ով իր հույսը նրա վրա է դնում, այն հոգու հանդեպ, ով նրան է փնտրում»։ Վստահությամբ լի սրտով աղոթում ենք, որ Եհովան շարունակի բարի լինել Շամիլի և Տաջիկստանում փորձությունները ուրախությամբ դիմագրավող մյուս հավատակիցների հանդեպ։